Օսկանյանը երևի փորձի դառնալ Մոզամբիկի մայրաքաղաքի Մապուտուի քաղաքապետ


23:45 , 29 մարտ, 2013

Էլի խոսեց Օսկանյանը...ու ինչ խոսեց...ուշադրություն, Օսկանյանը խոսում է Երևան քաղաքում գործարար մթնոլորտը փոխելու մասին: Եթե նրա գրածները կարդար ոչ թե հայաստանցին կամ երևանցին, այլ ասենք Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտուի բնակիչը, հավանականությունը մեծ է, որ ասեր՝ էս ինչ բացահայտում արեց միստր Օսկանյանը, իսկապես, Մապուտուի հիմնական խնդիրներից մեկը բիզնես միջավայրի բարելավումն է և, եթե միստր Օսկանյանը խոստանում է լուծել այդ խնդիրը, մենք նրան կընտրենք Մապուտուի քաղաքապետ: Սակայն, քանի որ միստր Օսկանյանը այս հայտարարությունը արել է հայաստանցիների և հատկապես երևանցիների համար, ապա վերջիններիս մոտ կարող է հարց առաջանալ՝ ախր միստր Օսկանյան, ինչպե՞ս կարելի է Երևանում բարելավել բիզնես միջավայրը՝ չբարելավելով այն ամբողջ Հայաստանում, ինչպե՞ս կարող է մի կուսակցության ներկայացուցիչը բարելավել բիզնես միջավայր, երբ մեզանում բիզնես միջավայրը կաթվածահար են արել օլիգարխիկ տնտեսությունը և մենաշնորհները, իսկ Հայաստանում համար առաջին օլիգարխը, եթե չեմ սխալվում, հենց այդ նույն կուսակցության առաջնորդն է, արդյո՞ք միստր Օսկանյանը կպահանջի իր առաջնորդից հրաժարվել հայաստանյան բիզնես միջավայրը խաթարող իր մենաշնորհներից... Օսկանյանի հաջորդ փայլուն միտքը... Ուշադիր, Օսկանյանի համար կարևոր խնդիր է նաև Երևանի ճարտարապետական տեսքը: «Այստեղ միանշանակորեն մենք հետընթաց ունենք: Ապօրինի շինարարություն, շենքերի կտուրների անճաշակ և վտանգավոր ավելացումներ ու կցակառույցներ, ազգայինին անհարիր ճարտարապետական կառույցներ և այլն»,-գրում է միստր Օսկանյանը ու կրկին անգամ գրում է ոչ թե Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտուի բնակիչների, այլ երևանցիների համար: Ու նորից էս միամիտ երևանցիների մոտ կարող է միամիտ հարց առաջանալ: Ախր, միստր Օսկանյան, Երևան քաղաքի կենտրոնական Խանջյան փողոցին հարակից Օղակաձև զբոսայգու կանաչապատ տարածքի հաշվին Ձեր կուսակցության առաջնորդին պատկանող ընկերության կողմից կառուցված և նրան պատկանող սպորտային համալի՞րն է օրինական, թե՞ այն հարիր է ՀԱԶԱՐԱՄՅԱ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ... Թե՞ միստր Օսկանյան, Դուք պատրաստվում եք պահանջել այդ անճաշակ օբյեկտի ապամոնտաժումը` Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո: Եվ քանի որ մենք` երևանցիներս, համոզված ենք, որ միստր Օսկանյանը համարձակություն չի ունենա նման պահանջներ ներկայացնել, ուստի խորհուրդ կտանք նրան ճիշտ մտածել և մասնակցել ոչ թե Հայաստանի մայրաքաղաք Երևանի, այլ Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտուի քաղաքապետի ընտրություններին: Այնտեղ նրան երևի կհավատան, և հետևաբար, Մապուտուի քաղաքապետ դառնալու Օսկանյանի շանսերը ավելի մեծ կլինեն: