Մաքսային դաշտի «մարտունակությունը» կբարձրանա


12:07 , 3 հունիս, 2017

Օրերս Հայաստան էին ժամանել ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պաշտոնատար անձինք, ովքեր հայկական կողմի հետ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ԱՊՀ տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման սխեմաներն ու ուղիները հայտնաբերելու և կանխելու միջոցները:

Սպասվում է, որ տեղեկատվության փոխանակման արդյունավետություն բարձրացնելու նպատակով կներդրվի օպերատիվ տեղեկատվության փոխանակման կարգ, ինչի արդյունքում տեղեկատվության ստացումը կդառնա շուրջօրյա:

Երկրների միջև համագործակցության արդյունքում նախորդ տարի կանխվել է 1016 ապրանքի և ապրանքխմբերի մուտքը, ինչպես նաև առգրավվել է 96 կիլոգրամ թմրամիջոց, հոգեմետ նյութեր և դրանց բաղադրիչներ: Դրանից զատ՝ հայտնաբերվել է 70 հազար փաթեթ ծխախոտ, կես միլիոն ԱՄՆ դոլար և մտավոր սեփականության 100 հազար օբյեկտ: