22:09 , 28 մարտ, 2013
Գարունը տիեզերական պարբերության, բնության ինքնանորոգվելու ու անընդհատականության արտահայտումն է: Գարունը բնության հրաժեշտն է նիրհին և իր վերածննդի հաստատումն է: Արևի ջերմությունը հողը պատում է բեղմնավորման տենչով ու նրա գիրկն առած սերմերից վեր բարձրացնում ծիլեր: Հայն իր բազմաթիվ տոները նշել է գարնանը և աստվածների փառաբանումները զուգորդել գարնանային հողագործական աշխատանքներով: Գարնանն է նշվել նաև Անահիտին նվիրված տոնը, որը կոչվել է մայրության օր և Զատիկ:
ԱՆԱՀԻՏԸ հայոց մայրության, զգաստության, պտղաբերության և հայերի մեջ ամենասիրված աստվածուհին է: Նրան կոչում էին նաև Մեծ Տիկին, Ոսկեմայր, Ոսկեծղի, Ոսկեմատն: Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Անահտավանում` Եկեղեցյաց գավառի Երիզան ավանում:
Հայոց գերագույն աստվածուհի Անահիտն էր Արտաշատ մայրաքաղաքի հովանավորը, նրան նվիրված մեհյաններ կային նաև Արմավիրում, Քաջարանում, Անահտաձորում, Աշտիշատում, Վասպուրականի Անձրևացյալ գավառում, Սյունիքի Անատձոր վայրում: Այդ տաճարներում եղել են Անահիտի ոսկե արձաններ, որոնք և բոլոր տաճարներն անխնա ոչնչացվել են հայերի թշնամիների կողմից:
19-րդ դարում Փոքր Հայքի Սատաղ քաղաքում հայտնաբերվել է Անահիտի բրոնզաձույլ դիմաքանդակը, որը դարձել է Լոնդոնի բրիտանական թանգարանի սեփականությունը: 1968-ից դրա կրկնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:
Անահիտի պաշտամունքը զուտ հայկական է և ազդեցություն է թողել իրանա-պահլավական հավատամքային համակարգի վրա, որտեղ նույնպես պաշտվել է Անահիտա անունով: Ըստ Մ.Աբեղյանի՝ ասորական Իշտար աստվածուհու Անատաու մականունը, հայոց հնագույն աստվածուհու Նարիի (հետագայում Ծովինար), ավելի ուշ հռոմեական Դիաննա աստվածուհիների անունները նույնպես կապված են Անահիտ անվան հետ:
ԶԱՏԻԿ նշանակում է զատել, բաժանել և հայերի մոտ տոնվել է շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է: Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ: Սկզբնական շրջանում եղել է անշարժ տոն և համընկել է գարնանամուտի` մարտի 21-ի օրհավասարի հետ` նաև գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով: Հետագայում, քրիստոնեության ազդեցության տակ կապնվելով լուսանային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում գարնանային օրահավասարից հետո առաջին լիալուսնին հաջորդող կիրակի օրը: Կան պատումներ, որ արի հայերն այդ օրը հաղթեցին ստորերկրյա չար աստծուն և փրկեցին Հազարան հավքին, որն այսուհետ, բույն շինելով Արարատի լեռներին, բազմագույն ձվեր ածեց՝ մարդկանց պարգևելով հույս ու ուրախություն: Արի հայերն այդ օրը սկսում են իրենց գարնանային վար ու ցանքը, իսկ մանուկները, գունավոր ձվերը ձեռներին, երգում-պարում ու ձվախաղ են անում: