ԲՀԿ-ն հայտնվել է «երկու տիրոջ ծառայի» կարգավիճակում


12:45 , 28 մարտ, 2013

Քաղաքական ուժը, որը նախկին 4-5 տարիների ընթացքում եղել է այն կառավարության կարևոր մասը, որին այժմ քննադատում է այդ տարիների քաղաքականությունը ձախողելու մեջ, գոնե պետք է այդ տարիներին բարձրաձայներ այդ մասին այնպես, ինչպես հիմա է և, եթե չի արել դա, ապա պետք է մտածել, որ այդ իրավիճակում տվյալ ուժը իրեն բավականին հարմարավետ է զգացել և, ըստ էության, այդ 4-5 տարիների ձախողման պատճառներից է հանդիսացել: Մյուս կողմից նման քննադատության բարոյական իրավունք ունենալու համար գոնե տվյալ քաղաքական ուժը իր մասով պետք է ներողություն խնդրի հասարակությունից անցած 4-5 տարիները ձախողելու և հասարակության վստահությունը չարդարացնելու համար: Եվ վերջապես, եթե քաղաքական ուժը ձախողված է համարում նախորդ կառավարությանը, որի հիմնասյուներից մեկը ինքն է եղել, ապա ինչպե՞ս ստացվեց, որ կառավարության ծրագիրը ձախողած ուժերից մեկը կրկին հայտնվեց խորհրդարանում` ավելացնելով նույնիսկ մանդատների քանակը. այդ ինչպիսի՞ ռեսուրսներով:
Ակնհայտ է, որ ԲՀԿ-ի ռևերանսները՝ ուղղված և՛ գործող նախագահին, և՛ երկրորդ նախագահին, այս ուժին դնում են «երկու տիրոջ ծառայի» կարգավիճակում: ԲՀԿ տնտեսական շահերը պահանջում են, որպեսզի նա մնա Քոչարյանի հետ, իսկ քաղաքական շահերի տեսանկյունից պետք է մնա գործող նախագահի հետ: Իսկ այս կիսաընդդիմադիր, կիսաիշխանություն վիճակը բացատրելու համար երևի ԲՀԿ-ի «խելոք գլուխները» նստեն ու համաշխարհային քաղաքագիտական մտքի մեջ նոր բացահայտումներ անեն` հայտնաբերեն քաղաքագիտական նոր տերմին, որը կբնորոշի ԲՀԿ ներկայիս կարգավիճակը հայաստանյան քաղաքական դաշտում:
Սակայն իրականում, քաղաքական գործընթացներում միշտ էլ գալիս է կողմնորոշվելու և որոշում կայացնելու պահը, և ԲՀԿ-ի համար էլ «տիրոջը» ընտրելու պահը սարերի ետևում չէ, և դրա վերջնաժամկետը Երևանի ընտրություններն են: Իսկ ԲՀԿ-ի նման որոշումը լինելու է ոչ թե քաղաքական կուրսի ընտրության, այլ սեփական կապիտուլյացիայի որոշում կա´մ Ռոբերտ Քոչարյանի, կա´մ Սերժ Սարգսյանի առջև: