23:16 , 27 մարտ, 2013
Որտե՞ղ է հոգևոր սնունդը կամ քրիստոնեական կրթությունը: Դարեր շարունակ հայ ազգի պարծանքն է եղել այն, որ մենք՝ հայերս, առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Իսկ հիմա որքանո՞վ է այդ փաստը պարծանք, և թե ի՞նչ ենք անում այդ պարծանքը ամուր հիմքերում պահպանելու և շարունակելու համար: Ակնհայտ է քրիստոնեությունից շեղված մարդկանց խմբերի երևույթը, որը զբաղվում է ակտիվ հակաքրիստոնեական քարոզչությամբ: Այս ամենի դեմ պայքարել կարելի է, բայց միայն քրիստոնեական կրթություն ստանալու դեպքում: Ցավոք, այդ կրթությունն է, որ բացակայում է մեր դպրոցներում: Հիմա կմտածեք` ինչպե՞ս թե բացակայում է, եթե դպրոցներում դասավանդվում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան. ճիշտ է, բայց այն բավական չէ ավելի խորը քրիստոնեական կրթություն ստանալու համար, դրանում բացակայում է կարևորը՝ հոգևոր սննունդը: «Հայ եկեղեցու պատմություն» առարկան շատ հեշտությամբ կարող է դասավանդել պատմության ցանկացած մասնագետ, որտեղ ներկայացվում է միայն «չոր ու ցամաք» պատմական դեմքեր ու դեպքեր, բայց պատմական տվյալները չէ, որ պետք է լրացնեն մեր հոգևոր դատարկությունը: Պետք է հատուկ հոգևոր կրթություն և կարևորը, որ դասավանդվի հոգևորականների կողմից: Եվ միայն այս դեպքում, հոգևոր դաստիարակություն ստանալով, կարող ենք դեմ դուրս գալ ցանկացած աղանդավորական շեղումների դեմ, որոնք փորձում են իրենց քարոզչություններով շեղել մեզ մեր իրական և ճշմարիտ ճանապարհից. քրիստոնեության դեմ դուրս բերել, այն կրոնի, որի շնորհիվ կարողացել ենք անցնել դարերի միջով և մնալ Հայ, դառնալ Ազգ: