Էրդողանը վերածվում է «իսլամիստ Աթաթուրքի»


02:53 , 22 մայիս, 2017

Image result for эрдоган ататюркԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնում։ Նրան ընտրել են այսօր կայացած կուսակցության արտահերթ համագումարում։ Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Էրդողանի թեկնածությանն աջակցել է համագումարի 1414 պատվիրակ։ Ընտրություններն անցկացվել են այլընտրանքային հիմքով։

Էրդողանը գնում է բրգաձև համակարգի կառուցմանն` իր ձեռքերում կենտրոնացնելով ողջ իշխանությունն ու Թուրքիան դարձնում ուղղահայաց կառավարվող մի համակարգի` մեկ կենտրոնից արձակվող հրամանները պետք է կատարվեն, ցանկացած այլախոհություն կամ Էրդողանի իշխանության քննադատություն հետապնդվելու է։
Թուրքիայում սահմանադրական հանրաքվեում իր համար ցանկալի արդյունքներ ստանալուց հետո Էրդողանն անցել է «ստալինյան համակարգի» կառուցմանը` իսլամական դրոշի ներքո։

Էրդողանը «զտել» է բանակը, ինչպես ժամանակին Ստալինը, զինված ուժերի նկատմամբ ստանալով միանձնյա վերահսկողություն, հավատարիմ կադրերով համալրել է ԳՇ-ն և բանակային տարբեր առանցքային պաշտոնները։
Քեմալի Թուրքիան այլևս անցյալում է. քեմալական, աշխարհիկ` իշխանության ճյուղերի բալանսի վրա հիմնված Թուրքիային փոխարինման է գալիս միահեծան, սուլթանական ոճի Թուրքիան` Աթաթուրքի անձի պաշտամունքի տարրերը ժամանակի ընթացքում փոխարինվելու են Էրդողանի անձի պաշտամունքի տարրերով: Էրդողանին վիրավորելը` ԶԼՄ-ներով կամ մասնավոր զրույցներում, ինչպես Ստալինի օրոք, կարող է արժենալ աշխատանք, քրեական հետապնդում, իսկ Թուրքիայում մահապատժի վերականգնումից հետո` նաև ընդդիմախոսների նկատմամբ մահվան դատավճիռների կայացում։

Ինչ վերաբերում է ազգային հարցին, ապա Էրդողանը քրդական հարցը լուծելու է, ինչպես ժամանակին Ստալինը լուծում էր մի շարք ժողովուրդների ճակատագիրը` աքսոր, հետապնդում, իսկ թուրքական բարքերը հաշվի առնելով` նաև ազգային հողի վրա էթնիկ զտումներով։

Ազգային հարցում Թուրքիայում Էրդողանը փորձելու է կառուցել իսլամիստական, ծայրահեղ աջ գաղափարներով մի հասարակական համակարգ, որտեղ գովերգվելու է ամեն թուրքականը, օսմանականը, թյուրքականը։ Ազգայնականության բորբոքումը թույլ կտա Էրդողանը անատոլիական շրջանների` նրա հիմնական էլեկտորատի վրա հենվելով պայքարել ալևիների, քրդերի, հայերի, այլ ազգային-կրոնական փոքրամասնությունների դեմ, որոնք կփորձեն պահպանել իրենց ազգային դեմքը կամ հանդես գալ պահանջատիրական` քրդական հարց, Հայոց ցեղասպանություն, պահանջներով։

Այդ շրջանակների դեմ էլ Էրդողանը «դուրս է բերելու» թուրքական ազգայնական փողոցը` ազգային, կրոնական փոքրամասնությունները կամ ասիմիլյացվելու են` թրքացվելու կամ բռնելու են արտագաղթի ճանապարհը, ազգային-կրոնական փոքրամասնությունների հատկապես ակտիվ զանգվածը, ակտիվիստներն ու հասարակական-քաղաքական գործիչներ գտնվելու են թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության ներքո։ «Վհուկների որսն» ու արտաքին թշնամու կերպարի ձևավորումը լինելու են Էրդողանի ներքին քաղաքականության կարևոր տարրեր։