Հավաքականը մերն է. չփորձեք ուրիշ խաղեր խաղալ


17:48 , 27 մարտ, 2013

Մեր հնարավորությունները պետք է ճիշտ գնահատենք: Բրազիլիա՞: Շնորհակալ ենք, պետք չի...

Լինելով հավաքականի մոլի երկրպագու՝ Բուլղարիայից հետո լավ հասկանում էի, որ Բրազիլիա գնալու մասին խոսակցություններն ուղղակի ծիծաղելի են: Բրազիլիան եթե աշխարհագրորեն 11605 կմ է հեռու Հայաստանից, այս խաղից հետո ավելի հեռվացավ... երևի աշխարհագրորեն էլ: Մենք մեր վարդագույն ցանկություններով մեր ֆուտբոլիստներին գերագնահատել տվեցինք իրենց ուժերը: Ոչ, մեզ պետք չէ եզրափակիչ փուլ անցնել, մեզ պետք է ամեն խաղում մարտնչել հաղթանակի համար, պայքարել, չսխալվել: Գոնե տնային խաղերում, լավ խաղը արդյունքի վերածել: Եվ որ ամենկարևորն է՝ հավաքականում պառակտումը բացառել:
 
Պարտվեցինք: Պարտվեցինք ջախջախիչ 0-3 հաշվով: Սակայն, կարծում եմ, որ հաշիվը այդքան էլ ճիշտ չի արտացոլում եղած պատկերը: Երեկ չեխերին խաղով այդքան էլ չէինք զիջում, գոնե առաջին խաղակեսում: Իսկ ինչո՞ւ պարտվեցինք...անփորձ երիտասարդների ու իրենց թիմերում մեկնարկային կազմի երեսը չտեսնող ֆուտբոլիստների կոպիտ սխալների պատճառո՞վ: Միգուցե: Սակայն, եկեք չմոռանանք, որ ունենք կադրային լուրջ խնդիրներ: Վնասվածքների ու որակազրկումների պատճառով երեկ չէին կարող հավաքականին օգնել հիմնական կազմի միանգամից 4 ֆուտբոլիստ` Լևոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հրայր Մկոյան, Արթուր Եդիգարյան: Ոչ ոք այս փաստը չի հիշում, և միայն հալածանքներ են հնչում մարզչի հասցեին: Այո, Վ.Մինասյանն է հիմնական պատասխանատուն այս պարտության, սակայն հալածանքով և զրպարտելով միայն կվնասենք հավաքականին: Պետք է դուրս գալ այս դժվար իրավիճակից, սակայն մարզչի հեռացումը լավագույն տարբերակը չէ:

Ոչ, չեմ ուզում հավատալ, որ մեր հավաքականի վերելքը այսքան կարճ տևեց: Որ այն նորից վայրէջքի է վերածվում: Որ վարկանիշային աղյուսակում նորից 100-ից հետո կարելի է գտնել Armenia անունը...
Մենք՝ երկրպագուներս, հավաքականի կողքին ենք մինչև մահ: Հաջորդ խաղը Մալթայի հետ է: Ինչպես ասացի, մեզ պետք չէ Բրազիլիան, որ մտածենք՝ ամեն ինչ կորած է, և շարունակենք նահանջը: Մեզ ուղղակի ամեն հաջորդ խաղում հաղթանակ է պետք, նույնիսկ եթե այդ հաղթանակներից հետո 5-րդ հորիզոնականից վերև չբարձրանանք: