Ինչպես 7 տարեկան երեխան 1 ամսում ձորը մաքրեց մարմնավաճառներից


13:29 , 27 մարտ, 2013

Երբ մեր երկրում խոսում են կոռուպցիայից, նրա դեմ իբր թե կիրառվող անարդյունավետ պայքարից և պատճառաբանում, թե դրա համար երկար ժամանակ է պետք, թե դա պետք է կատարվի աստճանաբար, քայլ առ քայլ, ամեն անգամ մեկ քայլ առաջ գնալով (ինչպես ասում են մեր եվրոպացի եղբայրները) և այլն, միշտ հիշում եմ մեր թաղի Մանչոյին: 7 տարեկան էրեխա էր, շատ ակտիվ, աշխույժ տղա էր, միշտ ձոր լողալու գնալիս հետներս տանում էինք: Հաճախ տեսնելով թփերի մոտ կայանող մեքենաները՝ հարցնում էր՝ եթե իրենք չեն եկել լողալու, բա ի՞նչ են անում, որ միջից էլ չեն ինջնում: Մեր տղերքից մեկն ասաց՝ ոչ մի լավ բան, մեր ձորն են պղծում: Մանչոն ասաց.
-Որ տենց ա, չեմ թողնելու՝ սրանք իջնեն մեր ձոր:
Ի զարմանս շատերի՝ իր խոսքի տերն եղավ. երբ կասկածելի մեքենա էր տեսնում, բարձրանում էր քարափների վրա ու քարերը շպրտում էր մեքենայի ուղղությամբ՝ գոռալով. «Ես չեմ թողնի՝ մեր ձորը պղծեք»: Կարճ ժամանակում էլ ոչ մի մեքենա չէր գալիս, դե արդեն շատերը գիտեին՝ ինչ է սպասվում իրենց, շատերին էլ մարմնավաճառներն էին զգուշացնում:
Մի խոսքով, ես չեմ ուզում հավատալ, որ այդքան թույլ ենք ու տկար, պայքարելու անընդունակ, որ մի 7 տարեկան երեխու չափ էլ չկանք, ուղղակի պայքարելու համար ցանկություն և կամք է պետք: Նաև մեծ Հույս ունեմ, որ Մանչոյի նման տղաներ շատ կան, և նրանք մեծանալով մարմնավաճառներ քշողից չեն վերափոխվի մարմնավաճառներ բերողի իրենց հարազատ ձոր: