Էրդողան. Թուրքիան հաշվի չի առնելու քրդերի շահերը Սիրիայում


15:46 , 17 մայիս, 2017

Էրդողան. Թուրքիան հաշվի չի առնելու քրդերի շահերը ՍիրիայումPanARMENIAN.Net-ը գրում է.

Անկարան մտադիր չէ հաշվի առնել քրդական զինված կազմավորումների՝ YPG և PYD, շահերը Սիրիայում հակամարտության կարգավորման ընթացքում: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան երբեք չի ընդունի YPG և PYD շահերը տարածաշրջանում: Դա հակասում է գլոբալ համաձայնությանը, որին մենք հասել ենք: Մենք չպետք է թույլ տանք այդ խմբերին շահարկել կրոնական ու ազգային գործոնները տարածաշրջանում՝ որպես պատրվակ ընդունելով ահաբեկչության դեմ պայքարը»,-հայտարարել է Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ-ն խոստացել է աջակցել Թուրքիային ՔԱԿ դեմ պայքարում, բայց օգնում է սիրիացի քրդերին: ԱՄՆ-ն ռազմական աջակցություն է ցուցաբերում սիրիացի քրդերին ԻՊ դեմ պայքարում, թեև ըստ Թուրքիայի սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատները (YPG) և Սիրիայի Ժողովրդավարական միության (PYD) մարտիկները, որի կորիզը ևս քրդական ջոկատներն են կազմում, կապված են ՔԱԿ հետ:

Մայիսի 10-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարեց, որ ԱՄՆ-ն զենք կմատակարարի քրդերին, քանի որ քրդերը միակ ուժն են, որն առաջիկայում հաջողությամբ կպաշարի Ռաքքան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում:

Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։