ՊՆ-ի և ՊԲ-ի պաշտոնական հաղորդագրությունները գրեթե միշտ հագեցած են դեռ խորհրդային նմուշի ռազմահայրենասիրական պաթոսով


12:31 , 16 մայիս, 2017

Картинки по запросу բանակՊՆ-ի, իսկ առավել հաճախ՝ ՊԲ-ի պաշտոնական հաղորդագրությունները գրեթե միշտ հագեցած են դեռ խորհրդային նմուշի ռազմահայրենասիրական պաթոսով, ինչը գուցե ունի իր օգտավետությունն ու տրամաբանական կողմերը, բայց ունի նաև բացասական կողմեր, որոնցից ամենաակնառուները հանրության մոտ գերադրական ակնկալիքներ հրահրելն ու հետո դրանք չարդարացնելն են։

Հենց վերջին օրինակով փորձեմ բացատրել։ Ադրբեջանը իսրայելական Սփայկ կառավարվող հրթիռով խոցում է ՊԲ-ին պատկանող զինտեխնիկա։ Ասում են՝ Օսա ՀՕՊ համակարգի լիցքավորման կայանը ու ասում են՝ մի քանի անգամ ծուռ խփելուց հետո։ Հետևում են պաշտպանական գերատեսչությունների արձագանքները, որոնցից առավել ակնառու է ՊԲ-ինը։ Դրանում, ի թիվս այլ բաների, ասվում է՝ դե, դուք ձեր հալը կտեսնեք հեսա ու ձեզ վրա կզգաք հայ զինվորի ուժը։ Ըստ իս՝ լիրիկական զեղումը մի քիչ շատ է բանակի արձագանքի համար։ Օրինակ՝ Պենտագոնի ու անգամ Ռուսաստանի բանակի պաշտոնական հաղորդագրություններում երբեք նման պոետիկ տարրեր չեք գտնի։ Ինչևէ, հարցը դա չէ։ Ի՞նչ է կատարվում հետո։

Ֆեյսբուքահայության տարբեր շերտեր՝ խոմյաչոկներից բռնած, բավականին գրագետ ու սառնասիրտ մասսայով վերջացած, նստած սպասում են հայու գենի հաղթանակին։ Սպասում, սպասում են, ու որպես կանոն՝ ոչինչ չի լինում։ Ավելի շուտ՝ լինում է. մի երկու օր հետո Ադրբեջանը նորից հարամություն է անում սահմանին, ու հետևում է հերթական լիրիկական հաղորդագրությունը, որ այ հիմա հաստատ ձեր հալը կտեսնեք։ Եթե անգամ ինչ-որ բան ձեռնարկվում է, ապա դա համաչափ չի լինում։ Այսինքն՝ ոչ մեր օգտին, էլի։ Հիմա քննարկվող օրինակի կոնտեքստում համաչափությունը կնշանակի, որ մենք Ադրբեջանին պատկանող տեխնիկա խոցենք, իսկ մեր օգտին անհամաչափ գործողությունը ենթադրում է, որ մի քանի տեխնիկա է պետք խոցել։

Հարցի մյուս կողմն էլ կա։ Հատկապես «խոմյաչոկների» կոնտինգենտը հակված է լուծումներ պահանջելու հենց հիմա ու հենց այստեղ՝ առանց հաշվի նստելու հետագա հետևանքների ու զարգացումների հետ։ Ու պաթոսային արձագանքները պաշտպանական գերատեսչությունների կողմից հագուրդ են տալիս հենց այսպիսի իռացիոնալ կեցվածք ունեցողների պահանջմունքներին։ Դա լավ է, եթե կարողանում ես անոնսից հետո բավարարել այդ պահանջմունքները, բայց շատ վատ է, եթե այդպես անոնս էլ մնում է, որովհետև դա սերմանում է անվստահություն Բանակի նկատմամբ։

«Չխոմյաչոկների» մոտ էլ առաջանում է միանգամայն արդարացի դիրքորոշում․ ախպե՛ր, եթե բան չեք անելու, ապա բռունցքները թափ մի՛ տվեք։ Եթե չանելու պատճառը էսկալացումից խուսափելն է, մենք ձեզ կարող ենք հասկանալ, բայց էսկալացումից խուսափելով լապշա կախելը՝ ոչ։ Եթե էսկալացման վտանգը հաշվի առնելով, այնուամենայնիվ, անելու եք, էլի կհասկանանք, ուրեմն՝ պետք է, ու հակառակորդին անպատիժ թողնելն ավելի վտանգավոր ու ռիսկային է։

Այնպես որ, պաշտպանական գերատեսչություններում լավ կանեն՝ քչացնեն լիրիկան ու ռազմահայրենասիրական պաթոսը և ավելացնեն կոնկրետիկան։ Ավելի լավ է՝ սպառնալից հաղորդագրություններ քիչ լինեն, բայց բոլոր սպառնալիքներն իրականացվեն, քան օրը մեջ հայ զինվորի բազկի ուժի մասին ակնարկվի, ու գրեթե երբեք ոչինչ չարվի։