00:00 , 12 մայիս, 2017
Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ գնահատական է ստացել սրճարանի մատուցողուհուց. «Շնորհակալ եմ, որ ԱԺ պատգամավոր լինելով՝ ինձ հետ Դուք-ով եք խոսում»,- ասել է մատուցողուհին ԱԺ պատգամավորին:
Այնպիսի տպավորություն է, կարծես Փաշինյանի մոտ հասունանում է նարցիսիզմ հիվանդությունը: Վերջին շրջանում դրա նախանշաններն առավել քան ակնբախ են:
Բայց այս գրառման ամենահետաքրքիր հատվածն այն է, որ Փաշինյանը պնդում է ՝ 25 տարի հրապարակային պայքար է մղում՝ փորձելով պաշտոնյաներին և ոչ միայն պաշտոնյաներին բացատրել, որ մարդկանց հետ պետք է «Դուք»-ով խոսել։
Ինչպես ասում են, շնորհակալություն, պարոն Նիկոլ Փաշինյանին իմ ուսուցչուհի ընկեր Ավետիսյանին սովորեցնելու, կրթելու ու ճիշտ ուղու վրա դնելու համար, քանի որ հիշում եմ՝ դեռ դպրոցական տարիներիս դասղեկս անընդհատ նշում էր, որ պետք է «Դուք»-ով խոսել բոլոր անծանոթների հետ՝ անկախ նրանից՝ պաշտոնյա եք, թե տաքսու վարորդ:
Կատակը՝ կատակ, բայց Փաշինյանն արդեն ցանցում «ցվետիտ է» լինում մատուցողուհու շնորհակալությունով: Ցանկացած մարդ պարտավոր է «Դուք»-ով խոսել անծանոթների հետ, դա ի՞նչ պարծենալու կամ դրոշակ դարձնելու թեմա է: Վայ, շատ շնորհակալություն, պարոն Փաշինյան, որ հասարակ քաղաքացիների հետ շփվելիս պահպանում եք էթիկայի տարրական կանոններն ու «արա»-ով, հայհոյանքով չեք շփվում: