15:48 , 26 մարտ, 2013
Ռոքի դինոզավրեր կամ օտար բառերով ասած՝ ռոքի մոնստռեր։ Այսպես են պիտակավորվել «Լեդ Զեփփելին» խմբի լեգենդար անդամները։ Չորս ինքնատիպ երաժիշտներն իրենց հզորությունը միաձուլել և բազմապատկել էին՝ գումարելով ոճական բոլոր նորամուծությունները, որ ստեղծեցին միասնական աշխատանքում: Դրանք չեն դադարում հիացնել մինչ օրս, անգամ այն բանից հետո, երբ «կապարե դիրիժաբլը» դադարեցրել է իր թռիչքը։
Ըստ լեգենդի՝ 1968 թվականին, երբ դեռ խումբը չէր կազմավորվել, Ջիմմի Փեյջը օրերից մի օր «The Who» խմբի անդամ Փիթ Թաուշենդի հետ զրուցելիս ասաց, որ ցանկանում է իր նոր խումբը «New Yardbirds» անվանել։ Ինչի վրա Փիթը ծիծաղեց և ասաց, որ այդպիսով խումբն անկում կապրի կապարե դիրիժաբլի պես։ Այս արտահայտությունը մնաց Փեյջի հիշողության մեջ, հետագայում «LEAD» բառից հանելով A տառը և փոխելով դիրիժաբլի՝ «Ceppelini» առաջին տառը, խումբն իրեն կնքեց «LED ZEPPELIN» անունով։
«Իմ կյանքի ամենամեծ հաճույքն է՝ դուրս գալ բեմահարթակ և ուղղակի երգել»,-ասել է Ռոբերտ Պլանտը՝ Բրիտանական կայսրության կոմանդորը, հարդ ռոքի արքան։ Պլանտը լավ կրթություն է ստացել, սակայն հոր երազանքը, որ որդին հաշվապահ կդառնա, նա ցրել է դեռ վաղ տարիքում։
Ջիմմի Փեյջ-կիթառահար վիրտուոզ։ Փեյջը խմբի երաժշտական ուղեղն է եղել։ Մենությունից չվախեցող, այլ մենության մեջ ինքն իրեն ճանաչող ու զարգացնող Ջիմմին անվերջ երաժշտական էքսպերիմենտների արդյունքում մի քանի հայտնագործություններ է արել և պատմության մեջ առաջին անգամ օգտագործել նորանոր էֆեկտներ։
Ջոն Բոնհեմը ամենամեծ և ամենաազդեցիկ հարվածային գործիքների տիրակալն է ռոք երաժշտության մեջ։ Իսկ Ջոն Փոլ Ջոնսը «Ռոլինգ Սթոուն» հայտնի ամսագրի էջերում համարվել է բոլոր ժամանակների լավագույն բաս կիթառահար։
...երբ Կապանում Զեփփելինի առաջին ձայներիզները հայտնվեցին, տեղի ռոք խմբերը հավաքվում էին
փորձասենյակներում ու փորձում էին կրկնել ԱՆԿՐԿնելի Ջիմմի Փեյջի սոլոները... «Achilles last stand»-Այս երգի «սոլոն» առաջին անգամ լսելիս կիթառահարներից մեկն արտասվեց... Լսենք, գուցե հասկանանք ինչու... Այս երգը Պլանտի համար ճակատագրական պահի է գրվել՝ կՆոջ հետ ավտովթարի ենթարկվելուց հետո, որից վերջինս հրաշքով փրկվել էր, իսկ երգիչը լուրջ վնասվածքներ ստացել: Գուցե հենց այդ ժամանակ էլ ավարտվեր նրա կարիերան, թե չլիներ Ջիմմի Փեյջի անկոտրում կամքը։ Նա ստիպողաբար Փլանտին հետ էր բերում դժբախտության անդունդից։ Փլանտն այս երգը ձայնագրելու ժամանակահատվածում գիպսով ու վիրակապերով փաթաթված, սայլակով էր տեղաշարժվում ստուդիայում և տղաները կեսկատակ ստեղծագործությունն անվանել էին «Հաշմանդամ սայլակի երգը»։
Փլանտը դեռ չէր հասցրել ավտովթարից ուշքի գալ, երբ վրա հասավ մեկ այլ դժբախտություն, նրա հնգամյա որդին մահացավ վիրուսային վարակից։ Խումբը երկար ժամանակով դուրս մնաց ստեղծագործ կյանքից։ Երբ Ռոբերտը մի քիչ ցրվեց, նրանք կրկին հավաքվեցին նոր ձայնագրությունների համար, և այդ ժամանակ ծնվեց նրանց ամենագեղեցիկ երգերից մեկը՝ «All My Love»։ Խմբի բոլոր անդամները համոզված են, որ Փլանտն այն որդուն է նվիրել, այդ է վկայում նրա չափազանց զգայուն ու ազդեցիկ կատարումը։ «Black dog»-այս երգի րիֆի, այսինքն՝ հիմնական կիթառային սոլոյի հեղինակը միտումնավոր փորձել է դժվար ու անորոշ ռիթմիկ պատկեր ստեղծել, որ սրա տակ հնարավոր չլինի պարել։ 3րոպե 49րդ վայրկյանին կարելի է լսել ձայնագրություններում Ռոբերտի վերցրած ամենաբարձր նոտան։ Ի դեպ, երգի տեքստի մեջ շան մասին խոսք անգամ չկա, տղաները պարզապես երգն անվանել են իրենց ձայնագրման ստուդիայի շուրջը պտտվող սև լաբրադոր տեսակի շան պատվին։ Օրերից մի օր Ջորջ Հարրիոնը՝ Բիթլերի գլխավոր սոլո կիթառահարը, Բոնհեմի հետ զրույցում ասել է. «Ձեր խնդիրն այն է, որ քնարական բալլադներ չունեք»։ Խումբն իհարկե կարող էր պարծենալ իր «Going to California» երգով, սակայն տղաները դա որպես մարտահրավեր ընդունեցին և արագ գրեցին «The rain song»-ը։ Ռոբերտ Փլանտն այս երգն իր լավագույն վոկալային աշխատանքներից մեկն է համարում։։
Բալլադային ստեղծագործությունն է նաև «Babe I’m gonna leave you»-ն, որը սակայն հզոր գագաթնակետ ունի։ Խմբի երգերը կրնկնօրինակել շատ դժվար է, թերևս սա մեկն է այն երգերից, որին երգիչները փոքր-ինչ առավել համարձակորեն են ձեռք տալիս և փորձում ստեղծել Cover տարբերակը։ Երգչուհի P!nk-ի աշխատանքը բավականին լավ է ստացվել:
Քաշմիռ մարզը գտնվում է Հնդկաստանի հյուսիսում, այն բաժանված է Հնդկաստանի, Պակիստանի և Չինաստանի միջև։ Աշխարհագրական այս տվյալները ևս երգի մասին են։ Սահարա անապատում երազելով Կաշմիռի մասին` Պլանտը կատարել է իր առաքելությունը։ Ներկայացնում եմ Քաշմիռը՝ խմբի 2007 թ.-ի «Celebration day» համերգից, բոլոր զեփփականները կարոտով կդիտեն իրենց եռանդը կրկնապատկած, սակայն արդեն պապիկների հավաքական ելույթը։ Այստեղ մահացած Բոնհեմին փոխարինում է որդին՝ Ջեյսոն Բոնեմը:
Երբ 1991 թ.-ին Նյու Մեքսիկո նահանգի Classic FM ռադիոընկերությունը որոշեց փոխել իր ձևաչափն ու եթեր տալ միայն դասական ռոք, մի ամբողջ օր, 24 ժամվա ընթացքում երկու հարյուրից ավելի անգամ եթերում հնչեց միմիայն Լեդ Զեփփելինի «Stairway to Heaven»-ը, այսպես էր DJ-ը որոշել նշել ձևաչափային փոփոխությունը։ Սա զվարճալի ու սկանդալային պատմությունների առիթ դարձավ։ Հազարավոր զայրացած զանգերից և նամակներից բացի՝ երկու անգամ ռադիոկայան եկան նաև ոստիկանները։ Առաջին դեպքում ահազանգած ռադիոլսողը որոշել էր, որ DJ-ը կաթված է ստացել, իսկ երկրորդ դեպքում՝ քանի որ հետպատերազմյան ժամանակներ էին, մարդիկ կարծել էին, թե ռադիոկայանը գրավված է ահաբեկիչների կողմից, որոնց ուղարկել է Լեդ Զեփփելինի մեծ երկրպագու Սադամ Հուսեյնը։ Ամենահետաքրքիրն էլ այն էր, որ այդ օրը ռադիոընկերության վարկանիշը սաստիկ աճ գրանցեց, քանի որ մարդիկ հետաքրքրությունից չէին անջատել։ Երգի հետ կապված այլ հետաքրքիր դեպքեր էլ կան, օրինակ՝ ամերիկյան որոշ երաժշտական խանութներում արգելված էր կիթառը փորձելիս այս երգը նվագել, քանի որ աշխատակիցներին արդեն նյարդայնացնում էր այն փաստը, որ բոլորը հենց այդ երգի առաջին ակորդներն էին վերցնում։ Ինչ վերաբերում է հեղինակին՝ Ջիմի Փեյջին, ապա նա Ռոբերտ Փլանտից բացի ուրիշ ոչ ոքի չի թույլատրում կատարել այն։։
1980թ.-ին ալկոհոլի չարաշահումից մահացավ խմբի թմբկահար Ջորջ Բոնեմը։ Այս կորուստը միանգամից վախճան բերեց խմբին, և անդամները հայտարարեցին իրենց գործունեությունը դադարեցնելու մասին։ Տարիներ անց նրանք առանձին-առանձին սկսեցին զբաղվել անհատական կարիերայով։ Եվ դա բավականին հաջողություն բերեց լեգենդար խմբի երաժիշտներին։
Ամն-ի Kennedy Center-ում կազմակերպված ամենամյա մեծարման 2012թ.-ի տոնակատարությանը ներառված էր նաև «Լեդ Զեփփելինը»՝ որպես բոլոր ժամանակների լավագույն ռոք խումբ։ Տարբեր երգիչներ կատարեցին խմբի ամենահայտնի երգերը, ներկա էր նաև նախագահ Օբաման, որը գրեթե բոլոր երգերի բառերը գիտեր։ Իսկ տեսախցիկը ողջ ընթացքում որսում էր Ռոբերտ Պլանտի և Ջիմմի Փեյջի հուզված հայացքները։ Որքա՛ն հիշելու բան ունեին նրանք։