Րաֆֆի Հովհաննիսյան և Սերժ Սարգսյան, հաճոյախոսություններ արեք իրար, գովացեք


14:56 , 26 մարտ, 2013

Բարև ձեզ, պարոնայք Րաֆֆի Հովհաննիսյան և Սերժ Սարգսյան:

Կարդացի ձեր՝ իրար ուղղված նամակները և ճիշտն ասած շատ ուրախացա, որ սոված, կյանքի վրա դառնացած, կամակոր մարդը և կեղծարար հանցագործը կարողացան ամեն ինչ դնել մի կողմ, մոռանալ Սահմանադրությունն ու սկզբունքները և սիրել միմյանց ու նամակագրությամբ ամրապնդել այդ սերը: Իհարկե, ուրիշի նամակները կարդալը գեղեցիկ չէ, բայց քանի որ ձեր նամակները ճանապարհին որոշ մարդկանց կողմից բացվում են, մենք համարձակություն ենք ձեռք բերում կարդալ, նաև հիանալ դրանցով: Բայց խնդրում ենք՝ մի մոռացեք ժողովրդին: Առաջիկայում ցանկալի կլիներ, որ բացի ձեր նեղ բանակցային թեմայից՝ ժողովրդի կամքն էլ արտահայտվեր նամակագրության մեջ, այսինքն՝ սիրաշահումն ու գեղեցիկ բառերը շատանային, հաճոյախոսություններ արեք իրար, գովացեք: Չէ՞ որ դա հաճելի է ժողովրդին և վերջապես գեղեցիկ: Լավ կլիներ ավելի հաճախակիացնել նամակագրությունը, թող լինի օրական, նույնաբովանդակ սերիալներից հոգնած և նորության կարոտ ժողովուրդը հետաքրքրությամբ կհետևի այս նոր երևույթին:
Մաղթում ենք բեղմնավոր աշխատանք և անսահման սեր:

Երջանիկ ժողովուրդ: