18:06 , 10 մայիս, 2017
Կրթությունը, իրոք, հզոր գործիք է, որի միջոցով պետությունը կարող է կարծիք թելադրել մասաներին ու ստեղծել համընդհանուր գաղափարախոսություն։ Իսկ վերջինս իր հերթին կարող է հզոր գործիք լինել պետության համար՝ իրագործելու իր մշակած քաղաքականությունը։
Նացիստական Գերմանիան դա շատ լավ էր հասկանում։
1943 թվականին Գերմանիայում արված այս լուսանկարում երևում է՝ ինչպես էին երիտասարդ աղջիկներին ռասայական խտրականություն սերմանում։ Պաստառի վրա վերևից ներքև պատկերված են հետևյալ երեք խմբերը ՝ «ostabltische Rasse» ՝ արևելաբալթիկ ռասա, «ostische Rasse»՝ ալպինական ռասա, և «dinarische Rasse»` դինարական ռասա։ Այս բոլոր խմբերը համարվում են կովկասյան ռասայի ենթամասեր, մյուսներից են միջերկրական ու սկանդինավյան ռասաները։
Նացիստները ջանք ու եռանդ չէին խնայում՝ կենսաբանություն դասավանդելու միջոցով գերմանացի երիտասարդներին իրենց ազգությամբ հպարտանալ սովորեցնելու համար։ Ռասայական բնույթ ունեցող կենսաբանության այդ դասընթացները նպատակ էին հետապնդում գերմանացիների մեջ սերմանել ռասայական մաքրության գաղափարը՝ համոզելով, որ մյուս ռասաները, ինչպես, օրինակ, հրեաները, տարբերվում են ու իրենց հակապատկերն են։
Նացիստների վարած ռասայական քաղաքականության նպատակը ոչ միայն հրեաներին վատաբանելն էր, այլև գերմանացու արյան ու արիական ռասայի կարևորությունն ու վեհությունը ցույց տալը։ Այդ կերպ նրանք ինքնըստինքյան գերմանացիների աչքին իջեցնում էին մյուս ռասաներին։ Բայց, իհարկե, այդքանով նրանց վարած խելամիտ քաղաքականությունը չէր վերջանում։ Երիտասարդ գերմանացիներին սովորեցնում էին, որ Գերմանիայում հրեաներն իրենցից վտանգ են ներկայացնում։ Նրանց տրամադրում էին ռասայական խառնամուսնությունների դեմ՝ դրանք ներկայացնելով որպես արատավոր երևույթ։
1935 թվականին Նուրեմբուրգյան օրենքների ուժով արիացիների հարաբերությունները ոչ արիացիների հետ քրեականացվեցին։ Նման արիացիներին մեղադրում էին Rassenschande՝ ռասայական անարգանք, կոչվող հանցագործության մեջ ու ուղարկում համակենտրոնացման ճամբար, մինչ ոչ արիացիները նույնիսկ մահվան էին դատապարտվում։