Լուլուն էլ «Մեր տանը» գորգ գործել սովորեց :)


22:04 , 25 մարտ, 2013

Թեև օրը շաբաթ էր՝ շատերիս համար ոչ աշխատանքային, սակայն Լուլուն աշխատանքից՝ եթերից հետո իրենց տուն գնալու փոխարեն եկավ «Մեր տուն» :) «Մեր տունը» հասարակական կազմակերպությունն այսօր կրկին իր հյուրընկալ դռներն էր բացել մեր առջև: «Անի Քոչար փրոդակշնի» նախաձեռնությամբ կանանց միամսյակի շրջանակներում «Մեր տուն» այցելելու հերթն այս անգամ հաղորդավարուհի Լուլուինն էր: Նա թեև ծանոթ էր այս կազմակերպության առաքելությանն ու գործունեությանը, սակայն այստեղ գտնվելու հարմար առիթ երբևէ չէր ունեցել: 

 Աղջիկները նրան դիմավորեցին իրենց սովորության համաձայն` գարնանային գեղեցիկ ծաղիկներով` կակաչներով: Հյուրին հրավիրեցին ներս, ծանոթացրին իրենց սենյակներին, պատմեցին իրենց զբաղված առօրյայի ու հետաքրքրությունների մասին, հպարտացան իրենց այգում կատարած աշխատանքներով՝ հրավիրելով Լուլուին ամռանն իրենց ծիրանենու տակ սուրճ խմելու :) Սակայն կա մի սենյակ, որի կողքով հյուրերն հենց այնպես չեն անցնում. այդտեղից դուրս գալուց յուրաքանչյուրը կարող է գլուխ գովալ, որ գորգ գործել գիտե :) Լուլուն էլ չխուսափեց գորգագործական դազգահի առջև նստելուց ու անվախ ձեռնամուխ եղավ Անիի ուսուցմամբ (Անին «Մեր տան» ամենահին «բնակիչներից» է) այն յուրացնելուն: Լուլուն ոչ միայն հեշտ ըմբռնեց Անիի ցուցումները, այլև բավականին կոկիկ գործ էր անում :) Սակայն, պարզվում է՝ Անի Առաքելյանը ոչ միայն լավ գորգ գործել գիտե, այլև Էջմիածնի քուֆթա պատրաստել :) Մինչ մյուս աղջիկները հյուրասրահում զրուցում էին Լուլուի հետ, իրենց հետաքրքրող հարցերը տալիս, հյուրասրահում տարածվեց Անիի պատրաստած քուֆթայի անուշ բուրմունքը: Չճաշակել չէինք կարող. բայց մինչ այն համտեսելը, աղջիկներին խոհանոցում օգնել էր պետք: Լուլուն մեծ պատրաստակամությամբ գործի անցավ նաև խոհանոցում. կտրտեցին քուֆթան, լցրեցին աղցաններն ու աղոթքից հետո բոլորս միասին նստեցինք սեղան:

 

 Լուլուի հետ աղջիկները բավականին հեշտ մերվեցին. հարցեր էին տալիս, իրենք անկեղծանում ու թերևս աղջիկների հենց այդ բաց ու անմիջական հարցերն ու դիտարկումներն էին, որ Լուլուին էլ դրդեցին անկեղծության, որից աղջիկները հաստատ իրենց եզրահանգումները կանեն: Բոլորս մի պահ թախծեցինք, բայց շատ շուտ էլ վերագտանք այն բարձր տրամադրությունը, որ տիրում էր այդ ողջ ընթացքում: Պարեցին Լուլուի հետ, ի պատիվ նրան աղջիկներից Հասմիկ Գուրջինյանին խնդրեցին երգել «Դռները բացեք, գարուն է եկել»  երգն ու լուսանկարվեցին ու մեզանից էլ խոստում կորզեցին, որ կրկին իրենց հյուր կգնանք:

 

 «Օրս այնքան լավ անցավ ու հետաքրքիր, որ չզգացի թե ինչպես այն անցավ. շատ հաճելի է «Մեր տանը», աղջիկներն էլ շատ լավն են»,- հրաժեշտ տալիս խոստովանեց Լուլուն՝ իր հերթին խոստանալով կրկին այցելել «Մեր տուն»: