Չեխիայի նախագահը պատրաստ է ընդունել կառավարության հրաժարականը


22:24 , 3 մայիս, 2017

 Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատրաստ է ընդունել կառավարության հրաժարականը, որի նախաձեռնողն է վարչապետ և Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բոհուսլավ Սոբոտկան: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բաբիշը՝ Պրահայում երկրի նախագահի հետ հանդիպումից հետո՝ տեղեկացնում է tass.ru-ն:

 Ավելի վաղ Սոբոտկան հայտարարել էր ընթացիկ շաբաթվա մեջ նախագահին կառավարության հրաժարականը ներկայացնելու մտադրության մասին, ինչը կապված է նրա հետ, որ փոխվարչապետ ու Ֆինանսների նախարար Բաբիշն արդեն երկար ժամանակ է չի կարողանում բացատրել, թե ինչպես է ստացել իր ներկայիս կապիտալը, որի չափը, ըստ Forbes հանդեսի լրագրողի, 2017 թվականին կազմել է 3,4 միլիարդ դոլար:

«Պարոն նախագահը տեղեկացրել է ինձ, որ պարոն վարչապետը հրաժարականի խնդրանքով կժամանի վաղը, և ինքը (Զեմանը) պատրաստ է այն ընդունել»,-ասել է Բաբիշը՝ հավելելով, որ երկրի առաջնորդը հանդես է գալիս խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու դեմ:

Խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են ընթացիկ տարվա հոկտեմբերին: