ՀԴԲ-ի աշխատակցուհին ամուսնացել է ԴԱԻՇ-ի գրոհայինի հետ


05:32 , 2 մայիս, 2017

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակցուհի Դանիելա Գրինը, ով իրականացնում էր թարգմանչի աշխատանք, 2014 թվականին ուղևորվել է Սիրիա և այնտեղ ամուսնացել ԴԱԻՇ միջազգային ահաբեկչական խմբավորման գրոհային Դենիս Կուսպերտի հետ։ Այս մասին փոխանցում է CNN-ը։

Գրինը նախազգուշացրել է Կուսպերտին այն մասին, որ ԱՄՆ իշխանությունները հետաքննություն են սկսել նրա նկատմամբ։ Ամուսնությունից մի քանի շաբաթ անց թարգմանչուհին, ըստ ամենայնի, գիտակցել է իր սխալն ու տուն վերադարձել։

Կինը համաձայնել է համագործակցել քննության հետ, ինչպես նաև իրեն մեղավոր ճանաչել կեղծ ցուցմունքներ տալու մեջ։ Արդյունքում նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման և ազատ արձակվել 2016 թվականի ամռանը։

Գերմանիայից նախկին ռեփեր Կուսպերտը համարվել է խմբավորման ազդեցիկ գրոհային։ Նա զբաղվել է քարոզչությամբ, մասնավորապես, մասնակցել տեսանյութերի նկարահանումներին, որոնցից մեկում հայտնվել է՝ ձեռքում կտրված գլուխ պահած։