22:06 , 1 մայիս, 2017
168.am-ը գրում է.Իրանում Հայաստանի դեսպանը նշել է, որ իրանցի գործարարների համար արտահանման ընթացքում Հայաստանից կարող է առաջարկվել օդային և ցամաքային տրանսպորտ, առանց վիզա ստանալու անհրաժեշտության: «Դրա համար էլ երկու երկրներին անհարժեշտ է օգտվել բարենպաստ հնարավորությունից` տնտեսական կապերն ընդլայնելու նպատակով»,- ասել է Թումանյանը:
Նշելով Հայաստանում առկա երեք ազատ տնտեսական գոտիները` դեսպանն ավելացրել է, որ Հայաստանը ԵՄ-ի պայմանագիր ունի և 6 հազար 400 տեսակի ապրանք կարող է արտահանվել դյուրացված ընթացակարգերով: Թումանյանն ընդգծել է, որ Իրանը կարող է իր մասնաբաժինն ունենալ հայկական շուկայում:
Մարքազիի փոխնահանգապետ Զաֆար Աֆշունը նշել է, որ նահանգի արդյունաբերողները հակված են ներդրումներ կատարել Հայաստանում և հաստատել տնտեսական հարաբերություններ: Նահանգի առևտրային պալատի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ջաֆարին էլ հավելել է, որ անհրաժեշտ է գնահատել նահանգում արտադրվող սպառողական ապրանքների, սննդի, շինանյութի և նավթամթերքների արտահանման հնարավորությունները Հայաստանի շուկայում և ավելացրել, որ պատրաստ են առաջիկայում ՀՀ ուղարկել աշխատանքային խումբ: