14:41 , 1 մայիս, 2017Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:
Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է:
Առավոտվանից Ֆեյսբուքի հայ օգտատերերը հիշում են իրենց առաջին աշխատանքային փորձը և դրանով կիսվում ընկերների հետ:
Հետաքրքիր ֆլեշ մոբ է ստացվում:
Արմեն Աշոտյան
90-ականների սկզբին Հայաստանում կոշիկի արտադրության բում էր: Ապրանքը շատ որակով չէր, սակայն լավ սպառվում էր «ռուսաստաններում»: Ամեն շաբաթ Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում կոշիկի շուկա էր, որտեղ վաճառվում էին բոլոր անհրաժեշտ պարագաները՝ սոսինձ, տակացու, կաշի, կոլոդկա, գործիքներ:
Նման մի կոշիկի արտադրամաս էլ (կոշիկի ցեխ) մեր բակում կար: 9-րդ դասարանում էի, երբ որոշեցի կոշիկ կարել սովորել, հա՛մ ծնողներիս օգնել, հա՛մ էլ իմ ձեռքի ծախսերը հոգալ: Ամեն օր դասերից ու պարապմունքներից հետո իջնում էի ցեխ՝ գործի: Սկսեցի որպես «աշակերտ»: Շատ բարդ չէր, կամաց-կամաց սովորեցի ու մի օր իրավունք ստացա ինքնուրույն կոշիկ կարելու, դարձա «ուստա»:
Առաջին աշխատավարձի մի մասը տվեցի տնեցիներին, կյանքն արդեն դժվարացել էր, և տանը փողի կարիք կար: Իսկ մոտակա կիրակին էլ ընկերներով գնացինք տոնավաճառ ու կյանքում առաջին անգամ պլիտայի մոտի քրտինքով, սոսնձահոտ աշխատանքով, վնասված ու կոշտացած մատներով աշխատած փողով ինձ գնեցի այդ տարիները հիթ շորերը՝ PYRAMIDE ջինսը և POLO կարճաթև վերնաշապիկը:
Ահա այսպիսի աշխատանքային օրեր էին )

Ռոբերտ Մելքոնյան
Առաջին աշխատավարձս ստացել եմ 8-րդ դասարանում` ամառային արձակուրդներին: Երեք ամիս բանվոր աշխատեցի շինարարությունում, որքան հիշում եմ, ստացա 150 ռուբլի, որը գնաց ընտանեկան ընդհանուր բյուջե... Այդպես՝ ամեն ամառ աշխատեցի մինչև դպրոցն ավարտելը...

Աղասի Միքայելյան
Առաջին աշխատավարձ:
95 կամ 96 թիվն էր: Ամառները հաճախ էի գնում Արտաշատ: Տատիկս բակում վարունգ էր աճեցնում ու շուկայում վաճառում: Մի օր էլ ես որոշեցի գնալ շուկա: Վարունգի գինը 50 դրամ էր, բայց, չգիտեմ, թե ոնց, կարողացա 70 դրամով մի 100 կիլո վաճառել: Էդ ավել աշխատած գումարը, բնականաբար, իմն էր: 2000 դրամ. էս իմ առաջին աշխատավարձն ա եղել:
Դրանից հետո էլ կոնդիցիոների տեղադրում, էլ շինարարությունում բանվորություն, էլ հյուրանոցում դաշնամուր նվագել: Փողը վատ բան ա, երբ վատ ես վաստակում ու առավել վատ ծախսում: Ինքը եթե ոչ քո, ապա մերձավորիդ բկին կանգնելու հատկություն ունի:
Շնորհավոր մայիսի 1:

Տիգրան Մկրտչյան
Առաջին անգամ, աշխատավարձ չասեմ, գումար վաստակել եմ 8-րդ դասարանում: Վաղեմության ժամկետն անցել է, խոստովանեմ` կիսաօրինական:
Ստացել եմ 10 000 դրամ, տասը ֆուտբոլի գնդակ, տասը բասկետբոլի գնդակ, տասը վոլեյբոլի գնդակ և մարզահագուստ, որը վրաս փոքր էր: Մանրամասնեմ:
ՀՀ օլիմպիական կոմիտեն հայտարարել էր շարադրությունների մրցույթ `«Օլիմպիական խաղերը պատանիների աչքերով»:
Մրցույթը 9-րդ դասարանցիների շրջանում էր հայտարարված, իսկ ես խաբեցի և ներկայացա որպես 9-րդ դասարանցի: Հանրապետության տարածքում իմ գրած շարադրությունը գրավեց առաջին հորիզոնականը, և գումարն ու մյուս նվերները ստացա Իշխան Զաքարյանից. նա էր օլիմպիական կոմիտեի նախագահը :)))))

Արմո Սաֆարյան
Առաջին աշխատավարձիս համար սաղ ամառ պախատ եղա, որ սեպտեմբերի 1-ի համար մի հատ սառոչկա առնեմ, գնամ 7-րդ դասարան :)
Ինչ լավ ա՝ հիմա աշխատավարձ չեմ ստանում:

Գայանե Մաշուրյան
Առաջին աշխատավարձս՝ 80$, Բիզնես TV, 1999 թ.:
Չէի սպասում, որ էդքան շատ կլինի, զարմացա, տնօրենը մտածեց՝ քիչ ա, ասեց՝ հետո կբարձրանա: Ուզում էի ասել՝ վա՞տ եք, 80$՞, ես անվճար էլ կաշխատեմ, բայց զսպեցի ինձ:
Նույն օրը ամբողջ 80$-ը ծախսել եմ, մամայիս համար նվերներ եմ գնել, տան համար սիրուն բաներ:

Արսեն Բաբայան
Առաջին աշխատավարձս ստացել եմ դոլարով :) 2002 թվականին՝ 45$։ Microsoft Windows, Word և Excel էի դասավանդում ։)

Մարիամ Սեմիրջյան
Առաջին աշխատավարձս 5000 դրամ էր։ Հայեր գարեջրի տեսահոլովակում մի 5 ժամ խմբով անդադար գոռում էինք «հայե՜ր», լավ չէր ստացվում, նորից էինք գոռում՝ «հա-յե՜ր», ու տենց մի ամբողջ օր, ստացա գումարս, գնացի, ինձ տետր, գրիչ առա դպրոցի համար իմ աշխատած փողով, իմ, երջանկություն էր :ՃՃՃ Աշխարհն իմն էր:
Ճիշտ ա, մի 2 օր ձայն չկար, զատո փող կար :Ճ
Շնորհավոր, աշխատավորներ:

Աննա Բաբաջանյան
Ես էլ հիշեցի առաջին աշխատավարձս: Բայց մամաս ավելի լավա հիշում: 19 տարեկան էի, «Նոյյան տապան» գործակալությունում էի աշխատում, ի դեպ՝ տնտեսական թեմաներով էի գրում:)) Մի ամառային օր գնացել էի հայրենի Ստեփանավան` հանգստանալու, մեկ էլ Seda Hergnyan-ը զանգեց, ասաց՝ 40 հազար դրամ աշխատավարձդ փոխանցել եմ քարտիդ: Հիշում եմ մորս երջանկությունը: Էդքաննա տպավորվել:))

Իզաբելա Աբգարյան
Առաջին աշխատավարձս 1994 թվին եմ ստացել։ 100 դրամ` Հ1-ում ))
Վատն էնա, որ ոնց էն ժամանակվա 100 դրամով բան չէի անի, այնպես էլ հիմիկվա դասախոսական աշխատավարձով)))
Պրոգրես չկա))

Գայանե Խաչատրյան
Մութ ու ցուրտ տարիներն էր, երբ ավարտեցի ինստիտուտը: Աշխատանք չկար, միայն կոպերատիվներն էին գործում:
Տանն էի աշխատում էդ ժամանակ: Հիմա երբ հիշում եմ՝ զարմանում եմ իմ վրա, թե ոնց եմ էդքան բան արել:
Կիսաֆաբրիկատ սփռոցներ էի վերցնում, կարի մեքենայով մշակում, ասեղնագործում ու հանձնում: Հետո կավե տիկնիկների շրջանն եկավ, որոնց վրա պետք էր նկարազարդել: Զուգահեռ սովորեցի արծաթե «պարան ցեպ» գործելը, տանջալի գործ էր: Կարծում եմ տեսողությունս էդ ժամանակից վարի տվեցի, մանրակրիկտ աշխատանք էր ու լամպի լույսի տակ: Գործող մեքենա ունեի, էդ ժամանակ աերոբիկայի երկար զոլերով գուլպաները նոր էր մոդա ընկել: Գնում թելերը վերցնում էի, գործում, հանձնում: Էդ տարիներին մոդա էր նաև գրաֆիկական թուքական սվիտրներն ու ժակետները, որոնք դարձել էին ֆոռմայի նման բան: Շյուղերով էլ էդ կարգի, բայց ավելի ճաշակով բաներ էի գործում՝ պատվերով: Կոնկրետ չեմ հիշում, թե որից եմ սկսել ու ինչքան ա եղել առաջին վաստակածս գումարը, բայց հստակ գիտեմ, որ աշխատածս փողը ծախսվում էր ուտելիքի, ճրագի լույսի ու մամայիս դեղերի վրա:
Էս էլ իմ պատմությունը:
