13 ՀՀ քաղաքացիներ անմարդկային վերաբերմունքի են արժանացել իտալական ոստիկանության կողմից


10:52 , 25 մարտ, 2013

«Առավոտ»-ում կարդացի, որ արդեն քանի օր է 13 ՀՀ քաղաքացիներ պատանդի կարգավիճակում են գտնվում իտալական օդանավակայանում, որտեղ իտալական ոստիկանությունը արդեն որերորդ օրն է նրանց մեկուսացված է պահում ինչ-որ սենյակում, որովհետև փաստաթղթային ինչ-որ անճշտություններ կան վիզայի հետ։ Ընդ որում, պայմաններն ու վերաբերմունքն այնքան վատ են, որ մարդիկ ընդհարում են ունեցել ոստիկանների հետ՝ վատ վերաբերմունքի ու կոպտության համար, իսկ այն բանից հետո, երբ նրանք նկարահանել էին ոստիկանների գործողությունները և այն պայմանները, որոնցում գտնվում են հիմա և տեղադրել էին համացանցում, ոստիկանությունը վերցրել է նրանցից բջջային հեռախոսներն ու կապի միջոցները։ «Առավոտ»-ը ենթադրություն է անում, որ նման վատ վերաբերմունքը կապված է նրա հետ, որ ԵՄ-ն ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որպեսզի մենք վերջապես կողմնորոշվենք Եվրոպական միության և Եվրասիական միության միջև...
Ինչևիցե, եթե այսքան մասն ինձ մտահոգում ու զարմացնում է, ապա մեր ԱԳՆ-ի արձագանքն ու գործողությունները պարզապես կատաղեցնում են։ Մեր արտաքին գերատեսչությունը հերթական անգամ ապացուցում է, որ բացի անիմաստ ու պաթետիկ ֆուրշետներից ու դիվանագիտական կարգավիճակում գտնվող մի քանի տասնյակ չինովնիկների թանկարժեք ու անիմաստ գործուղումներից ուրիշ բանով չի զբաղվում ու էշի ականջում քնած ա առհասարակ։ «Առավոտ»-ի հարցմանն ի պատասխան, թե ի՞նչ է կատարվում Իտալիայում մեր քաղաքացիների հետ, ԱԳՆ-ը սկզբում մի հատ անկապ պատասխան է տվել, թե բա ՀՀ քաղաքացիները վաղօրոք պետք է հոգան իրենց փաստաթղթային հարցերը, իսկ տեղում խնդիրներ ծագելու դեպքում պետք է դիմեն տեղի ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսություն, որոնց հասցեները կարող են գտնել ԱԳՆ կայքից, իսկ երբ պարզաբանումներ են խնդրել ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից, վերջինս առհասարակ հանճարեղ «ելք է» գտել իրավիճակից՝ հայտարարելով, թե Իտալիայում ՀՀ դեսպանը պարբերաբար կապնվում է ոստիկանության հետ ու հետաքրքրվում մեր քաղաքացիների վիճակի մասին, ամեն ինչ լավ է, նրանք ամեն ինչով ապահովված են, բացի դրանից նրանցից ոչ մի բողոք չի ստացվել։
Ախր այ ԱԳՆ ջան, այ պետբյուջեից ֆինանսավորում ստացող արտաքին գերատեսչություն ջան, ձեր գործառույթները ե՞րբ եք սկսելու իրականացնել, սիրելինե´րս։ Բա եթե մարդկանց չեն թողնում դիմել դեսպանատուն, խլել են հեռախոսները, բայց միևնույն ժամանակ մարդիկ իրենց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը ու վատ պայմանները նկարագրող տեսանյութեր ու ֆոտոներ են տեղադրում ինտերնետում, մի՞թե դա բավարար հիմք չէ, որ դուք իրար գաք ու զբաղվեք ձեր պարտականություններով՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ... Չէ, ես ավելի քան վստահ եմ, որ ավելի լավ է ընդհանրապես ԱԳՆ չունենանք, քան ունենանք այսպիսի ԱԳՆ, որովհետև սա խայտառակություն է։

Հ.Գ. Երբ հարց էր բարձրացվել, թե ի՞նչ ամպայման էր Նալբանդյանի համար ծառայողական մեքենա գնել, որի արժեքը մի 70 հազար դոլար է, ԱԳՆ-ից հաղորդել էին, որ այդ մեքենան նվիրատվություն է ինչ-որ բարերարի կողմից։ Դատելով կատարվող աշխատանքի որակից, իմ խորին համոզմամբ, Նալբանդյանին անգամ «Զապառոժեց» նվիրաբերելն է շատ, ուր մնաց թե S դասի «Մերսեդես»...