ԵՄ գագաթնաժողովը միաձայն ընդունել է Brexit-ի հարցով բանակցությունների ռազմավարություն


17:24 , 29 ապրիլ, 2017

 ԵՄ 27 երկրների առաջնորդները միաձայն հավանություն են տվել միության ռազմավարությանը՝ միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցությունների մեկնարկի համար։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Twitter-ի իր էջում։

 «Ռազմավարությունն ընդունվել է միաձայն։ ԵՄ-ն ընդունել է Brexit-ի հարցով կոշտ և արդար մանդատ»,-գրել է նա։

 Եվրախորհրդի ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ փաստաթուղթը ներառում է ԵՄ 3 առանցքային դիրքորոշում։ Առաջինը՝ Բրյուսելը կձգտի հասնել Մեծ Բրիտանիայում ապրող և աշխատող ԵՄ քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամերի համար լիարժեք սոցիալական երաշխիքների։ Երկրորդը՝ Բրյուսելը կձգտի հասնել Լոնդոնի կողմից նրա բոլոր ֆինանսական պարտականությունների կատարման, որոնք ընդունվել էին ԵՄ կազմում։ Երրորդ կետը կդառնա Իռլանդիայի հանրապետության և թագավորության կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի հայտնվել թույլ չտալը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի Twitter-ում նշվում է, որ ռազմավարությունն ընդունվել է 15 րոպեից քիչ ժամանակում։