Տարոն Մարգարյանը ոսկե մեդալով է պարգևատրել բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանին


15:22 , 29 ապրիլ, 2017

Պարի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է պարարվեստի ոլորտի զարգացման գործում իրենց ներդրումն ունեցած գործիչների: Շնորհավորելով հյուրերին՝ մասնագիտական օրվա առթիվ` Երևանի քաղաքապետը ստեղծագործական նոր հաջողություններ է մաղթել նրանց՝ ի նպաստ պարարվեստի զարգացման։ Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պարի միջազգային օրվա առթիվ, պարարվեստի ոլորտում ներդրած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանին: Պարուսույցներ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանն ու «Բարեկամություն» պարի պետական անսամբլի մենապարուհի Կարինե Ղազարյանն էլ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:

Պարի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի պարարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների և անձնվեր աշխատանքի համար պարարվեստի մի շարք ներկայացուցիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

Պարգևատրվածները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին՝ իրենց վաստակը գնահատելու, ինչպես նաև պարարվեստի ոլորտին ցուցաբերվող ուշադրության համար: