ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը Գյումրի դարձած Լենինական քաղաքի հանդեպ իր յուրահատուկ սերն արտահայտել էր 70-ից ավելի կտավներում


15:00 , 29 ապրիլ, 2017

ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը Գյումրի դարձած Լենինական քաղաքի հանդեպ իր յուրահատուկ սերն արտահայտել էր 70-ից ավելի կտավներում, որի ցուցադրության բացումը երեկ էր: «Ցուցահանդեսն ամբողջությամբ նվիրված է Գյումրի քաղաքին, ավելի ճիշտ՝ Լեննագան քաղաքին: Ինչո՞ւ Լեննագան, որովհետև մենք՝ այնտեղ ապրողներս, մինչև քաղաքի անվան փոփոխությունն ասում էին Լեննագան»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց նա:

Այս կտավները ստեղծելու մտահղացումը առաջացել է շատ պատահական, երբ Վենետիկում էր: «Վենետիկը շատ են նկարել իտալացիներն ու օտար շատ նկարիչներ: Մեծ ցանկություն ունեցա վազելու խանութ, թուղթ գնելու ու նկարելու, որովհետև ֆանտաստիկ սիրուն էր, հետո հասկացա՝ օտարություն կա, և այն հրաշալի քաղաքը, որտեղ ես ծնվել եմ, երբեք նորմալ չեմ նկարել և եկա, սկսեցի նկարել իմ երիտասարդության քաղաքը: Այսպես ծնվեց նախագիծը, որը կարելի է կոչել լեննանկարչություն կամ լենդուտա»,- ասաց նա:

Արարատ Սարգսյանը նշում է, որ Գյումրին շատ գունավոր է: «Պետք է տեսնել այդ գույները, իսկ մութ ու սև տպավորությունը քարերից է. Ղարսը և Գյումրին կառուցվել են մոտակա հանքերի սև քարերից, և դրանից է այդպիսի տպավորությունը, բայց քանի որ կա արևի լույսը, գույները լինում են շատ»,- ասաց նա: Նա համաձայնեց, որ, փաստորեն, պետք էր հասնել Վենետիկ՝ հասկանալու Լենինական քաղաքի ողջ գեղեցկությունը: «Այնտեղ ծնվելով, մեծանալով՝ ժամանակ առ ժամանակ անդրադարձել էի, բայց ամբողջության մեջ որոշեցի վեդուտային նկարիչների նման, ովքեր Վենետիկը նկարել են որպես քաղաքային նկարչության ժանր, ես էլ փորձեմ քաղաքանկարչության ժանրը զարգացնել իմ նկարներով։ Հուսով եմ՝ ուրիշ նկարիչները կսիրեն իմ քաղաքն իմ նկարներով, և նրանք էլ սկսեն նկարել»,- ասաց նա:

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի