23:06 , 24 մարտ, 2013Պարզվում է՝ դերասան Սարգիս Գրիգորյանը շատ արգելքներ է հաղթահարել հաջողության ճանապարհին: «Երբ ես ծնվեցի, հայրս 51 տարեկան էր, ուստի շատ վաղ հասակից ես ու եղբայրս ստիպված էինք աշխատել, որպեսզի ծնողներիս օգնեինք հոգալ ընտանիքի կարիքները: Հենց այդ պատճառով էլ դպրոցը մի կերպ ավարտեցի»:

ArmStar.am-ի հետ զրույցում Սարգիսը մանրամասնեց, որ քեռու միջնորդությամբ ընդունվել է Ագրարային համալսարանի անասնաբուժական ֆակուլտետը, որից հետո միայն սեփական նախաձեռնությամբ ընդունվել ու սովորել է թատերական ինստիտուտում: Այնտեղ էլ ծանոթացել է իր ներկայիս կնոջ հետ: «Ես ու կինս մի կուրսում ենք սովորել, երկար տարիներ ընկերություն ենք արել: Շատ լավ ընկերներ էինք, և ինստիտուտում բոլորը գիտեին, որ ես Մանոյի թևն ու թիկունքն եմ: Ավարտելուց հետո մի անգամ պատահաբար հանդիպեցինք, հետո սկսեցինք շփվել հեռախոսով, հետո առանց հեռախոս,ամուսնացանք...»,- ավելացրեց Սարգիսը:

ArmStar.am-ի այն հարցին, թե թատրո՞նը ավելի շատ հաջողություն բերեց դերասանին, թե՞ սերիալը, Սարգիսը պատասխանեց, որ սրանք անհամեմատելի դերեր են ունեցել իր կյանքում: «Բնականաբար, սերիալի հանդեպ հասարակության ուշադրությունն ավելի մեծ է, այդ իսկ պատճառով սերիալն ինձ ավելի շատ հաջողություններ բերեց»: Սարգիսը նաև ավելացրեց, որ իր կյանքում և հաջողությունների հարցում մեծ դերակատարում ունի կինը` Մանո Գրիգորյանը:

Դերասան, արտիստ լինելուց բացի ու առավել Սարգիս Գրիգորյանը նաև ամուսին է և երկու հրաշք աղջիկների հայր: Սարգսի կինը` Մանո Գրիգորյանը, մեզ հետ զրույցում ավելացրեց, որ Սարգիսը անվերապահորեն վստահում է կնոջն ու նրա որոշումներին: «Աղջիկներիս անունն էլ կինս է որոշել, և ես հավանություն եմ տվել նրա որոշումներին»,-ավելացրեց Սարգիսը:

ArmStar.am-ը Մանոյից փորձեց պարզել նաև, թե ինչպիսինն է Սարգիսը որպես հայր և որպես ամուսին. «Նա հոգատար է, նվիրված ու շատ արագաշարժ: Ինձ երեխաներին խնամելու հարցում չի օգնում ժամանակի սղության պատճառով, բայց շատ հետևողական է, հաճախակի նրանց տանում է զբոսանքների»:
Նշենք, որ Մանոն և Սարգիսը արդեն 4 տարվա ամուսիններ են: Մաղթե’նք նրանց ընտանիքին խաղաղություն:
