Թուրքիան չեղարկել է ԵԽԽՎ-ի գերմանացի պատգամավորի այցը երկիր


10:45 , 27 ապրիլ, 2017

Թուրքիայի կառավարությունը չեղարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գերմանացի պատգամավոր Բեռնդ Ֆաբրիտիուսի այցը երկիր, հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն:

ԵԽԽՎ-ն 2016 թվականի նոյեմբերին լիազորել էր պատգամավորին մեկնել Թուրքիա «իրավական պետության սկզբունքներին Թուրքիայի հավատարմությունը ուսումնասիրելու» հարցով: Ֆաբրիտիուսն արդեն մի շարք հանդիպումներ էր ծրագրել, այդ թվում և Թուրքիայի արդարադատության նախարարի և սահմանադրական դատարանի նախագահի հետ:

Սակայն այն բանից հետո, ինչ ԵԽԽՎ-ն որոշում ընդունեց Թուրքիային վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ, պաշտոնական Անկարան չեղյալ համարեց պատգամավորի այցը:

«Ցավով եմ ընդունում այս քայլը և կոչ եմ անում թուրքական կառավարությանը չեղարկի այցը չեղյալ համարելու մասին որոշումը»,- ասել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աավելի վաղ հայտարարել էր, որ իրենք չեն ճանաչելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Թուրքիային մոնիթորինգի տակ առնելու որոշումը: