14:11 , 26 ապրիլ, 2017
Armtimes.com-ը գրում է.
Հայաստան ներթափանցած ցուրտ օդային հոսանքները վերջին օրերին իրենց հետ բերել են ջերմաստիճանի լուրջ անկում: Արդեն մայիսի 27-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արեւելքի տարածքից, կարելի է ասել անդադար, կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Օդերեւութաբանի հետ զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Սուրենյան, այսօր առավոտյան Երեւանում +1+5 աստիճան է գրանցվել: Ինչո՞վ է պայմանավորված ջերմաստիճանի այսպիսի նվազումը:
- Հայաստանը գտնվում է ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք ներթափանցում են արեւմտյան Սիբիրի կողմից: Հյուսիս արեւելեքից ներթափանցած այդ ցուրտ հոսանքները բերել են ջերմաստիճանի լուրջ անկման: Հատկապես լեռնային բնակավայրերում (մասնավորապես՝ Աշոցքի հատվածում) գրանցվել է մինչեւ -5-10 աստիճան ջերմաստիճան: Արարատյան դաշտում գիշերը եղել է 0+6 աստիճան, +2+6 աստիճան գրանցվել է Արարատի մարզում, 0+2 եղել է Արմավիրի մարզում: Այսօր սառը եղանակը կպահպանվի:
- Սրանում որեւէ աննախադեպ բան չկա՞:
- Չէ, չէ, տարվա այս ժամանակահատվածում մենք ունեցել ենք շատ ավելի ցածր ջերմաստիճան: Սա պարզապես ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետեւանք է, որը ապրիլին հաճախակի է լինում: Բայց արդեն վաղվանից սկսած նահանջում են ցուրտ օդային հոսանքները, հոսանքների ուղղությունը փոխվում է հարավ արեւմտյանի: Արդեն ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արեւելքի տարածքից, կարելի է ասել անդադար, կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա: Այսինքն՝ ապրիլի 27-ից մինչեւ մայիսի մեկը այսօրվա համեմատ կբարձրանա մոտ 6-8 աստիճանով, եւ արդեն ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին հանրապետության ողջ տարածքում գիշերային ժամերին կլինի դրական ջերմային ֆոն, իսկ ցերեկային ժամերին հովտային շրջաններում (մասնավորապես՝ Տավուշի հովիտներ, Արարատյան դաշտ, Երեւան, Սյունիքի հովտային գոտիներ) օդի ջերմաստիճանը կհասնի +26+28 աստիճանի:
- Տեղումներ սպասվո՞ւմ են առաջիկա օրերին:
- Այո, առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչեւ ապրիլի 28-ը: Ապրիլի 29-ին, 30-ին Հայաստանի տարածքում կզարգանան ներզանգվածային ամպրոպներ, շրջանների զգալի մասում ապրիլի 29-ին եւ 30-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում:
- Ցրտահարություն սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:
- Դե, քանի որ ասացի՝ օդի ջերմաստիճանը բարձրանալու է, բնականաբար առաջիկա օրերին Արարատյան դաշտում օդում բացասական ջերմաստիճան չենք սպասում:
- Իսկ այսօր գիշերը չի՞ գրանցվել:
- Օդում բացասական ջերմաստիճան ոչ Արարատի, ոչ Արմավիրի մարզերում չենք ունեցել: Ջերմաստիճանը առանձին հատվածներում մոտեցել է զրոյին, բայց օդում բացասական ջերմաստիճան չի գրանցվել: Սա նշանակում է, որ ծառերի ցրտահարությունը բացառված է: Ինչ վերաբերում է հողի մակերեւույթին, որտեղ միշտ ջերմաստիճանը 3-4 աստիճան ավելի ցածր է լինում, քան օդում. Արմավիրի մարզում հողի մակերեւույթին ունեցել ենք բացասական ջերմաստիճան, ինչի հետեւանքով լոկալ տարածքներում, որտեղ կան լոբու եւ այլ բույսերի սածիլներ, չի բացառվում, որ որոշակի վնասներ կրած լինեն: