Ամաչում եմ իմ պետության համար. թուրքերի խոստովանությունները Ծիծեռնակաբերդում


11:15 , 26 ապրիլ, 2017

Ամաչում եմ իմ պետության համար. թուրքերի խոստովանությունները ԾիծեռնակաբերդումNewmag.am-ը գրում է.

Ալևիներ, քրդեր, զազաներ, հայեր, թուրքեր. այսպես բոլորի ազգությունը Թուրքիայում չեն ասում: Թուրքիայում բոլորը թուրք են՝ անձնագրով. սա պետական քաղաքականություն է: Երևանում և Հայոց ցեղասպանության հուշահամալիրում նրանք ոչ միայն իրենց, այլև ազգություն էին ներկայացնում: 

«Ես, որպես Թուրքիայի քաղաքացի, որպես թուրք, ամաչում եմ իմ պետության համար, որը շարունակում է ժխտել բացահայտ իրականությունը: Մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի մի օր մեր փոխարեն այստեղ Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունը լինի», – ասում է Սելայ Էրթանը: Նա Ֆրանկֆուրտում է ապրում. այնտեղ և Եվրոպայի այլ քաղաքներում է հասարակական գործունեություն ծավալում Ցեղասպանությունը ժխտողների դեմ:

Երեք ինքնությամբ՝ ալևի, քուրդ, ղզլբաշ Մահմութ Ուզունը Թուրքիայում քաղբանտարկյալ էր: Լոնդոնում տաքսի է վարում: Երևանում, ասում է, պարտավոր էր լինել . – «Զգացմունքները կոկորդս խեղդում են: Արդեն երրորդ տարին անընդմեջ այս օրն այստեղ եմ: Եվ ամեն տարի եմ այստեղ լինելու՝ հայ եղբայրների հետ այս ճանապարհն անցնելու ու նրանց ցավը կիսելու: Սա իմ բարոյական պարտքն է»:

Իլգուն Քայան Բայազետից՝ Արարատի ճիշտ հակառակ կողմից, և առաջին անգամ էր Հայաստան եկել: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հասնելու ճանապարհն արդեն տպավորել էր: Առաջին տեսարանից՝ շունչը պահեց: Բոլոր հարցերը միայն մի պատասխան էին ստանում. «Շատ եմ ամաչում, ներողություն եմ խնդրում»: Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո այստեղ այլևս ոչ մի զսպված զգացմունք: Արցունքները հոսում են: Նույնիսկ չհասցրեց դուրս գալ հուշահամալիրից: Ասում է՝ ինքն էլ խոնարհվեց ճիշտ 12 սալերի պես. «Ներողություն եմ խնդրում, որ ավելի շուտ չեմ եկել այստեղ: Ներողություն եմ խնդրում ամեն ինչի համար, որ իմ նախնիներն են արել: Այս ինչ զգացմունքներ են, անհնար է դիմանալ: Այսքան հայ կա այստեղ. նշանակում է՝ այդ դուք հաղթեցիք»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ