18:42 , 22 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.Այս տարի նախաձեռնությունը մեկնարկում է ապրիլի 24-ին և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը:
Հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նա նշեց, որ իմունականխարգելումն առողջապահության ոլորտի արդյունավետ ռազմավարություններից է, երբ փոքր ներդրումները տալիս են մեծ արդյունք: Միաժամանակ, փոխնախարարը կարևորեց լրատվամիջոցների դերը տեղեկատվության հասանելիության ապահովման տեսանկյունից, ինչը կնպաստի պատվաստումներում բնակչության բարձր ընդգրկվածությանը և կօգնի պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ: «Պատվաստումների դերն անգնահատելի է, իսկ արդյունավետությունը՝ անհերքելի: Այսօր Հայաստանում պատվաստումներ են իրականացվում 17 վարակիչ հիվանդության դեմ` 14 պատվաստանյութով, ունենք բավականին դրական ցուցանիշներ»,- փաստեց Սերգեյ Խաչատրյանը:
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը խոսեց պատվաստումների և պատվաստանյութերի անվտանգության մասին և մասնավորապես ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է գրեթե 80000 դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում և ոչ մի հետպատվաստումային անբարեհաջող դեպք չի արձանագրվում:
«Պատվաստումների շնորհիվ Հայաստանում 1995 թվականից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, 2002-ից մեր երկիրը հռչակվել է պոլիոմիելիտից ազատ գոտի և առ այսօր պահպանում է այս կարգավիճակը: Պատվաստումների շնորհիվ դիֆթերիայի առումով համաճարակային իրավիճակը կայունացել է և վերջին տասը տարում դեպքեր չեն արձանագրվել: Կարմրուկի և կարմրախտի առումով էլ համաճարակային իարվիճակը հանգիստ է. 2007 թվականին իրականացված զանգվածային, այնուհետև պլանային պատվաստումների շնորհիվ՝ 98% ընդգրկվածություն, Հայաստանում կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր չեն արձանագրվել»,- նշեց Գայանե Սահակյանը: