22:51 , 22 մարտ, 2013
Մեզ երկու բաժակ թեյ եթե տային,
Մեր մեջ թաքնված, մեզ ողջագուրող,
Անվերջ վշտացնող, բայց միշտ պարուրող
Սերը թե զգային ու մեզ գթային,
Մի չոր անկողին եթե լոկ տային,
Մենք առավոտյան կհեռանայինք:
Դաշտեր կանցնեինք ու երկինքներ լուրթ,
Սերը փռեինք իբրև ճանապարհ,
Ու իրար բռնած, ամեն վախ մի կողմ
Կանցնեինք հպարտ ու չէինք երերա:
Երեկոյան կողմ լուռ կանրջեինք
Ու քամու դիմաց սերն իբրև վահան
կպայքարեինք:
Առավոտ լուսո առուների հետ մեծ շրջան բռնած
Կխոխոջայինք, սերը զրնգուն կհնչեցնեինք ու
Միջօրեին կհեռանայինք, որ հաջորդ օրը
Նորից տնետուն ու գյուղից քաղաք,
Ամեն մի արդար ու անօրեն տեղ սերը սփռեինք,
Նոր սեր փնտրեինք ու երեկոյան լուռ հեռանայինք...