23:00 , 19 ապրիլ, 2017
Life.panorama.am-ը գրում է. Life.panorama.am-ը, թեմայի շրջանակում պարզաբանում ստանալու նպատակով, կապ հաստատեց Քրիստինե Պեպելյանի հետ, ով զրույցի սկզբում նախ անդրադարձավ նյութի հեղինակին, ապա նաեւ՝ երգի պատմությանը:
«Նախ հատուկ շեշտեմ, որ լուրջ չեմ վերաբերվում այն հրապարակումներին, հոդվածներին, որի ներքո չկա ստորագրություն՝ անուն-ազգանուն: Նման պարագայում բացակայում է պրոֆեսիոնալիզմը: Եթե հնչում են մեղադրանքներ, ապա լավ կլինի, որ հոդվածագիրը ներկայանա, որպեսզի ինքս էլ հասկանամ, թե ում հետ գործ ունեմ: Մեղադրել ինձ մի բանի մեջ ու կասկածի տակ դնել իմ խոսքը եւ դա անել օդի մեջ, իմ կողմից լուրջ համարվել չի կարող, առավել եւս, որ ես վաղուց այն տարիքում չեմ, որպեսզի որեւէ բան հորինեմ: 20 տարի բեմական գործունեությունից ու հրաշալի երգացանկ ունենալուց հետո պարզապես աբսուրդ է մտածել որեւէ մեկի երգը վերցնելու մասին, առավել եւս դրանով կամ ինչ-որ մեկով ինքնահաստատվելու խնդիր ես բնավ չունեմ: Ես խորհուրդ կտամ հոդվածագրին, երբ իրեն թույլ է տալիս պրոֆեսիոնալ դիտարկումներ անել, առավել եւս իմ անվան հետ կապել «գողանալ» բառը, ավելի զգույշ լինել: Նաեւ խորհուրդ եմ տալիս նրան այսուհետ ստորագրել իր նյութի ներքո, եթե իրեն համարում է պրոֆեսիոնալ ու իր տված ինֆորմացիան կասկածի տակ չի դնում»,- շեշտեց Քրիստինե Պեպելյանն, ապա անդրադարձավ «Հավատա» երգի նախապատմությանն ու խոսեց այս երգի հետ Նարեկ Մակարյանի կապի մասին.
«Ժակլին Թադեւոսյանը այս երգը հատուկ ինձ համար գրել է 14 տարեկանում ու շատ է ցանկացել, որ հենց ես այն կատարեմ: Նա դիմել է իր քեռիին, ով աշխատել է «ՍՕՍ մանկական գյուղում», խնդրել է, որպեսզի երգն ինձ փոխանցի, բայց քանի որ նա փոքր է եղել, նրան առանձնապես լուրջ չեն վերաբերվել ու երգը չի հասել ինձ: Տարիներ անց ստացվել է այնպես, որ երգը առաջարկվել է երգիչ Նարեկ Մակարյանին, որի հետ այդ ընթացքում աշխատել է մոսկվաբնակ պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը: Այդ ժամանակ Սոֆյան իր միջոցներով գնել է երգը, ապա իրականացրել է գործիքավորումը եւ այն Նարեկի համար որպես նախագիծ է փորձել իրականցնել: Սակայն, որոշ ժամանակ հետո, երբ Սոֆյան եւ Նարեկը դադարեցրել են իրենց համատեղ աշխատանքը, «Հավատա» երգը, որի տեսահոլովակի համար որոշ կադրեր նկարված են եղել, մնացել է Սոֆյայի մոտ, քանի որ դա աշխարհում ընդունված կանոն է. պրոդյուսերի եւ արտիստի հարաբերությունները խզվելու դեպքում մի շարք երգերի իրավունքները պատկանում են տվյալ նախագծերն իրականացնող պրոդյուսերին: Այս պարագայում էլ, Նարեկը որեւէ իրավունք չունի այս երգի հետ կապված, քանի որ որեւէ ծախս նա պարզապես չի արել, որպեսզի իրականանա այդ նախագիծը: Ավելին՝ իրենց շփումը դադարեցնելուց հետո Սոֆյան առաջարկել է Նարեկին գնել այդ երգի իրավունքները, որից երգիչը հրաժարվել է, եւ հետեւաբար այդ նախագիծը շարունակել է մնալ պրոդյուսերի սեփականությունը: Արդեն երկար ժամանակ անց Սոֆյան առաջարկեց ինձ կատարել այս երգը, հեղինակն էլ շատ ուրախ էր՝ ասելով, որ վերջապես տարիներ անց ամեն ինչ ընկավ իր տեղն ու երգն ինձ հասավ»,- նշեց Քրիստինեն ու նկատեց, որ պահպանելով քաղաքավարության կանոնները՝ այս նախագիծն իրականացնելուց առաջ կապ է հաստատել Նարեկի հետ.
«Թեեւ ինքս էլ հասկանում էի, որ Նարեկն այլեւ ոչ մի կապ չունի այդ նախագծի հետ, բայց ճիշտ համարեցի կապ հաստատել նրա հետ: Նրան տեղյակ պահեցի, որ ես եմ նախագիծը վերցնում, իսկ Նարեկն էլ հայտնեց, որ ուրախ է այդ փաստի համար եւ ինքը որեւէ կապ չունի այդ երգի հետ»:
Ինչ վերաբերվում է տեսահոլովակում իր բացակայությանը՝ Քրիստինեն նկատեց.
«Կարծում եմ՝ բոլորին էլ հասկանալի է, որ եթե ես ցանկանայի, հաստատ ինչ-որ կադրերում կնկարահանվեի: Սակայն ինքս դա չցանկացա, քանի որ մեր թիմը սյուժետային գծերը այլ կերպ էր պատկերացնում: Մտածել, որ ես չկամ տեսահոլովակում, հետեւաբար այն իմը չէ, ուղղակի աբսուրդի ժանրից է: Նարեկի հետ համագործակցության ընթացքում որոշ կադրեր նկարված են եղել, բայց ընդհանուր տեսահոլովակը նկարահանվել է իմ հետ աշխատանքի ընթացքում»:
Քրիստինե Պեպլյանը չի բացառում, որ տարածված հոդվածը Նարեկ Մակարյանի ցանկությամբ է գրվել.
«Ինչ խոսք, չեմ կարող միանշանակ ասել ու անտեղի մեղադրանքներ հչեցնել, որ սա Նարեկի պատվերն էր, սակայն այն, որ հոդվածագիրն իր անունը չէր նշել, թույլ է տալիս նաեւ նման կասկածներ ունենալ ու մտածել, որ սա լուրջ նյութ չէ, փոխարենը՝ ինչ-որ մեկի համար սովորական ինտրիգ: Իսկ ես ինտրիգների կարիք չունեմ, վաղուց ունեմ հրաշալի երգացանկ, որոնք մարդիկ սիրում են: Շատ լավ եմ հասկանում, որ այս նախագիծն իմ կողմից ներկայացնելուց հետո Նարեկի համար գուցե շահավետ են նման նյութերը, եւ եթե դա որեւէ կերպ կարող է նպաստել, որպեսզի ինքը հարցազրույցներ տա եւ խոսակցությունների կենտորնում հայտնվի, եթե այս իրավիճակները եւ հատկապես իր անունն իմ անունի հետ կապելը օգնում են Նարեկին, ապա ուրախ եմ, որ կարող եմ օգնել նրան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: