Դերասան Սարգիս Գրիգորյանի կինը` դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանը, այսօր նշում է ծննդյան 33–ամյակը։
Tert.am life–ի հետ զրույցում Մանոն պատմել է օրվա անսպասելի անակնկալների, երազանքի և երջանկության մասին։
Մանոյի տարեդարձի անակնկալները ուղիղ կեսգիշերին չեն սկսվել, սակայն նրա օրը պակաս տպավորիչ չի եղել։ «Կեսգիշերին Սաքոն նկարահանման էր։ Ես էլ խայտառակ հոգնած էի, մինչև 12։05 սպասեցի, տեսա չկա, մտածեցի` չի կարողացել գալ ու քնեցի։ Երևի 12։30 էր, Սաքոն ու մեր սանիկները տորթով, հրավառությամբ եկան ինձ շնորհավորելու։ Մի քիչ ուշացել էին, քանի որ 12։20 մի կերպ էր դուրս պրծել նկարահանման հրապարակից»,– ասաց պարուհին ու հավելեց, որ ամուսնու անակնկալներն այդքանով չեն ավարտվել։
Վաղ առավոտյան դերասանը կնոջը ևս մեկ անակնկալ է մատուցել, այս անգամ` այգեպանի օգնությամբ։ «Մեր այգեպանը 23 տարեկան է։ Հետաքրքիր արտաքինով տղա է, Սաքոն նրան հագցրել էր իր սմոքինգը։ Նա որոշել էր, որ ամեն ինչ պետք է մեր բակում լիներ, բայց քանի որ առավոտյան ուժեղ անձրև էր, անակնկալը տեղափոխվել էր տուն։ 7։15 ինձ արթնացրին, տեսնեմ մեր ննջասենյակում մեր այգեպանն է` ծաղիկներով և նախաճաշով։ Քանի որ Սարգիսը մեր տանը ոչնչի տեղը չգիտի, հարմար ինչ գտել, օգտագործել էր։ Արդյունքում սկուտեղի փոխարեն նարդին էր, ծաղկամանի փոխարեն` էվայի հողի դույլը։) Այնքան եմ ծիծաղել։ Անսպասելի ու հետաքրքիր էր։ Նարեկին ասել էր` կասես ծնունդդ շնորհավոր, բայց այնքան էր խառնվել իրար, ասաց` շնորհավոր Սուրբ ծնունդ։) Դրանում, երևի, իմաստ կա, քանի որ 33–ը սուրբ տարիք է համարվում` Հիսուսի տարիքն է»,– պատմեց Մանոն։ Թե Սարգիսն ինչ նվեր կմատուցի իրեն, Մանոն առայժմ չգիտի։ Նա նշեց, որ օրը դեռ առջևում է։