Ընդդիմությունը պատրաստ չէ հավասարակշռված ու ադեկվատ արձագանքել «անհարմար» հարցերի


12:11 , 19 ապրիլ, 2017

Картинки по запросу զարուհի փոստանջյան պետրոս ղազարյանՀիմա, երբ Ֆեյսբուքը հանդարտվել է ու անցել է ֆուտբոլի թեմային, կարելի՞ է մի բան ասել Փոստանջյան VS Պետրոս էպիկական բախման մասին։ Չէ՛, ազնիվ խոսք, չեմ պատրաստվում բարոյախրատական խորհուրդներ տալ կամ էլ դիսկուրս ծավալել լրագրողական էթիկայի մասին։ Իրականում այդ մեկ դրվագը լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ոչ այնքան Զարուհու թերությունները, որքան այն բարդ կեցությունը, որում հայտնվել է հայաստանյան ընդդիմությունը և քաղաքական դաշտը առհասարակ։

Օրերս կամրադ Կարեն Վրթանեսյանն էր մի շատ կարևոր ու դիպուկ հարցադրում-դիտարկում արել․ արդյո՞ք Սասնա ծռերի «հերոսությունը» չզրոյացրեց մեր ընդդիմադիրների ավանդական դարձած ռազմավարությունը, որը թույլ էր տալիս գործնականում ոչինչ չանելով և 5 տարի շարունակ «մահ ռեժիմին» գոռալով չխորտակվել ու մնալ քաղաքական օվկիանոսի մակերևույթին։ Առավել քան վստահ եմ, որ պատասխանը միանշանակ դրական է, որովհետև այն մարդիկ, ում համար գոնե այդքանը բավական էր, իրենց վստահության քվեն այդ ուժերին տալու համար այլևս չեն բավարարվի այդքանով, քանի որ թմրամոլի պես են ու ավելի «մեծ դոզայի» են անցել։ Ասել կուզեմ, որ հիմա նույն Փոստանջյանը, մինչև զենք չառնի ու չգնա ոստիկանության գունդ գրավելու, իր հռետորաբանությունը պոպուլյարությամբ զիջելու է «Սասնա ծռերի» ու Նաիրի Հունանյանի «մեթոդաբանությանը»։

Բնականաբար, սա չի նշանակում, որ ինչքան ընդդիմադիր կա, պետք է իրեն ահաբեկչական գործողությունների պլանավորմանն ու իրականացմանը տա։ Ընդհակառակը, պետք է վերջապես հասկանալ, որ օրակարգը փոխվել է, ու այլևս «մահ ռեժիմին» գոռալով բավարարվելը կտրականապես բավարար չէ։ Ընդդիմադիր ցանկացած քաղաքական ուժ ու անհատ գործիչ պետք է արդեն լրջորեն հետամուտ լինի լիարժեք ու ինքնաբավ ռազմավարություն ունենալուն, սեփական իմիջն ու կոմպլեքս միջոցառումների ճանապարհային քարտեզը ստեղծելուն։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ եթե ուզում ես ինքնաբավ ընդդիմադիր միավոր լինել, այլ ոչ թե մարգինալ, ով խաղում է ահաբեկչությունն ու օրինական դաշտը սահմանազատող կարմիր գծի տիրույթում տատանվող հռետորաբանության վրա, քեզ ու քո թիմին չպետք է վախեցնի ոչ մի հարց, որ կարող է տալ լրագրողը, ընտրողը կամ էլ քո քաղաքական մրցակիցը։

Հենց սրա համար էլ ասում եմ, որ Փոստանջյանի ու Պետրոսի դրվագը լակմուսի թղթի պես մի բան է, երբ տեսնում ենք, որ ընդդիմությունը պատրաստ չէ հավասարակշռված ու ադեկվատ արձագանքելու «անհարմար» հարցերի։ Ավելին՝ պատրաստ է դիմել այնպիսի դեմարշների, որոնցից գրաքննության ու ավտորիտարիզմի հոտ է գալիս (վաբշե չտաս տենց հարցեր, թե չէ գնում եմ)։

Ես կուզենայի, որ մեր քաղաքական համակարգում լինեին այնպիսի միավորներ (ընդ որում՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական), որոնք իրենց դիրքերի սնանկությունը չէին փորձի քողարկել դեմարշներով, ուլտիմատումներով ու դեմագոգիայով, այլ կունենային կշռադատված ու փաստարկված դիրքորոշում և բավարար ռեսուրս՝ պարզ ճակատով պատասխանելու ցանկացած հարցի։ Սա շատ կարևոր է, որովհետև դրա այլընտրանքը ընդդիմադիր դաշտի հետագա ատոմիզացիան ու ծայրահեղացումն են, իսկ դրանից անմիջականորեն բխող մյուս հետևանքը՝ իշխանության ու հատկապես՝ ուժային մարմինների ռեպրեսիվ գործառույթների հզորացումն ու ակտուալիզացումն են։