23:34 , 18 ապրիլ, 2017
Armtimes.com-ը գրում է.Հերոսի ընտանիքը Ռուսաստան էր տեղափոխվել մշտական բնակության, երբ Սարգիսը դեռ 4 տարեկան է եղել: 12 տարի ՌԴ-ում ապրելուց հետո Սարգիսն ընտանիքի հետ Հայաստան էր վերադարձել՝ հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու համար:
2016թ. ապրիլի 3-ին իրականացված մարտական գործողության ընթացքում Սարգիսը, անտեսելով ինտենսիվ հրետակոծությունը, մարտի էր նետվել եւ ոչնչացրել հակառակորդի բազմաթիվ գրոհայինների՝ խափանելով նրանց ամրացումը դիրքում: Ապրիլյան պատերազմի հերոսը զոհվել էր հակառակորդի դեմ թեժ մարտում՝ հետ շպրտելով նրանց ու կյանքի գնով պաշտպանելով Թալիշի՝ իրեն վստահված դիրքը: Հերոսական պայքարից հետո թշնամու նետած արկից Թալիշում զոհվում են երեք հերոս ընկերներից երկուսը՝ այդ թվում Սարգիս Սահակյանը:
Սարգիսը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով: Այդ օրը՝ ապրիլի 3-ի առավոտյան, Սարգիսը խոսել էր մոր՝ տիկին Թամարայի հետ. «Առավոտյան ժամը 11-ն էր, խոսեցի իր հետ. որդիս այնպես էր խոսում, կարծես ոչինչ չէր եղել։ Իր խոսելուց ես ոչինչ չեմ զգացել, այնքան հանգիստ էր խոսում, որ զգացնել չէր տալիս: Դա եղավ Սարգիսիս հետ վերջին խոսակցությունը»,- երեկ մեր զրույցում, հիշելով որդու հետ խոսակցությունը, պատմեց տիկին Թամարան: Հերոսի մայրը պատասխանել է մեր մի քանի հարցերին:
- Տիկին Թամարա, սովորաբար ինչպե՞ս էր սիրում նշել Սարգիսն իր ծննդյան տարեդարձը:
- Նախ ասեմ, որ արդեն 3-րդ տարին է առանց նրա... 20-ամյակը նշել էր ծառայության ընթացքում՝ դիրքերում, զոհվելուց մի քանի օր հետո լրանում էր 21-ամյակը... Սարգիսը շատ էր սիրում իր ծննդյան տարեդարձը, շատ անակնկալներ էր սիրում: Սիրում էր տարեդարձը նշել ընկերների, հարազատների հետ: Սարգիսը շատ էր սիրում իր ծննդյան ժամանակ հետաքրքիր ու տարբեր միջոցառումներ կազմակերպել: Ծառայության անցնելուց հետո, սակայն, իր ծննդյան օրը ինքը մի կողմ էր դրել, այդ ժամանակ արդեն ծառայությունն ավելի էր կարեւորում:
- Կա՞ մի տարեդարձ, որը միշտ հիշում եք, կամ՝ կառանձնացնեիք:
- Ճիշտն ասած, բոլորը մեկը մյուսից լավն է եղել, չեմ կարող առանձնացնել, որովհետեւ միշտ շատ հետաքրքիր է անցել, շատ էի իրեն անակնկալներ անում, տեսնում ուրախանում էր, բայց ասում էր՝ մամ ինչի՞ ես անում, արդեն իմ ժամանակն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: