Կուրծքս կբացեմ այնտեղ, որտեղ պետք լինի. Ղրղզստանի նախագահի նկարչուհի դուստրը պայքարում է կանանց իրավունքների համար


15:27 , 17 ապրիլ, 2017

Կուրծքս կբացեմ այնտեղ, որտեղ պետք լինի. Ղրղզստանի նախագահի նկարչուհի դուստրը պայքարում է կանանց իրավունքների համարNewmag.am-ը գրում է.

Նկարչուհի և բլոգեր Ալիա Շահիևան ապրիլի 11-ին սոցցանցում նկար հրապարակեց, որտեղ նորածին որդուն` Թաիրին, կրծքով է կերակրում: Դա Շահիևայի` այդ կարգի առաջին հրապարակումը չէ. նա իր երեխայի ծնվելուից առաջ և հետո ֆեյսբուքում ու ինստագրամում կանանց իրավունքների մասին ստատուսներ էր հրապարակում:

Ո՞Վ Է ԱԼԻԱ ՇԱՀԻԵՎԱՆ

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի կրտսեր դուստրը 20 տարեկան է: Սոցցանցերում հայտնի դարձավ որպես նկարչուհի: Շահիևան փորձում է չհրապարակայնացնել երկրի ղեկավարի դուստրը լինելու հանգամանքը: «Ես ոչ մի լրատվամիջոցի չեմ խնդրել ինձնից հարցազրույց վերցնել, առաջինը նրա՛նք են ինձ գրել: Հարցազրույցի ժամանակ էլ ես ոչ մի կերպ չեմ էլ հիշատակել իմ իսկական ազգանունը»,- գրել էր ֆեյսբուքում մեկ տարի առաջ, երբ հայտնի դարձավ նրա հոր անունը: Kloop.kg կայքի համահիմնադիր Բեկտուր Իսկենդերը հիշում է, որ շատերի համար էին անակնկալ Ալիայի կենսագրության մանրամասները:

Ալիան ամբողջ կյանքում մոր ազգանունով էր ներկայանում, պատրաստվում էր նույնիսկ անձնագիրը փոխել: Պատմում է, որ դպրոցում ամաչում էր նույնիսկ դասը պատմելու համար ձեռք բարձրացնել, «միայն թե չմտածեին, թե ցուցամոլ եմ»: Նրա խոսքով, ինքը սոցցանցերն օգտագործում է ոչ թե ինքնագովազդի համար, այլ` սոցիալական խնդիրների մասին խոսելու: Ալմազբեկ Ատամբաևը ևս հրապարակայնորեն չի քննարկում դստեր պահվածքը, բայց չի էլ թաքցնում. Sputnik լրատվական գործակալությունը նախագահի մամուլի ծառայության տրամադրած մի քանի ֆոտո է հրապարակել` Ատամբաևը ընտանիքի հետ: Շահիևան էլ կար նկարներում:

Շահիևան գրաֆիկայով է զբաղվում, սովորում է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ուսումնարանում: Մի քանի տարի առաջ չէր պլանավորում նկարչուհի դառնալ, պլաստիկ վիրաբույժի կարիերայի մասին էր մտածում: Համեմատության համար Ալիան ինստագրամում իր երկու նկարներն է դրել` մեկը 2011-ի, մյուսը` 2016-ի: «Վստահ եմ, շատերը կարող են ավելի լավ նկարել: Ես ձախից եմ)) Երբեք մի՛ հուսահատվեք»:

Ալիա Շահիևան իր հարսանիքի մասին սոցցանցում հայտարարեց. ամուսնու հետ մի քանի տարի են հանդիպել: Elle-ը գրում է, որ Կոնստանտինը 25 տարեկան է, ծրագրավորող,  Շահիևայի հետ ինտերնետով է ծանոթացել: Ալիան խոստովանել է, որ չէր համարձակվում հարսանեկան լուսանկարները  միանգամից հրապարակել, քանի որ ամուսինը ղրղզ չէ: «Շնորհակալություն նրանց, ովքեր հասկանում են, որ ազգությունը ձևականություն է, լուսավոր զգացմունքների համար սահման չկա»:

«Երեկոյան Բիշքեկ»-ի հարցազրույցում Շահիևան նկատել է, որ նեգատիվ մեկնաբանությունների մեծ մասը տղամարդիկ են գրել: «Սա խոսում է այն մասին, որ մեր երկրում կանայք սոցիալական մեծ ճնշման են ենթարկվում: Տղամարդիկ կնոջն իրենց սեփականությունն են համարում»: Հարսանիքը համեստ էր` ընդամենը 30 հրավիրյալ: 2017-ի մարտին զույգը տղա ունեցավ` Թաիր:

Երեխա ծնելուց հետո էլ Ալիան շարունակում է նկարել` նկատելով, որ մայրանալը իր ոճի վրա էլ է ազդել: «Ծննդաբերելուց առաջ շտրիխները բարակ էին, հազիվ նկատելի, իսկ հիմա ուզում եմ յուրաքանչյուր գիծ ընդգծել: Պաշտում եմ այս ամենը վերլուծելը: Իմ գծագրերում պարային ռիթմ է հայտնվել»: Մեկ տարի առաջ բիշքեկյան պատկերասրահում կայացավ նրա առաջին անհատական ցուցահանդեսը` «Մետամորֆոզներ»: Ամբողջ հասույթը` 165 հազար ռուբլի, փոխանցել է Դաունի համախտանիշով երեխաների հիմնադրամին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ