«Երբ նպատակ ունես լեռ մագլցել, հասնել գագաթին, դու չես տեսնում, չես զգում ժամերով մագլցելը, դժվարությունները, որովհետեւ ուզում ես գագաթին հասնել: Ինչքան բարձր է այդ բարձունքը, որին ձգտում ես, այդքանին էլ պատրաստ ես հոգեպես: Դժվարություններն արդեն առօրյայի, ապրելակերպի մասն են դառնում, եւ դու դրանք դադարում ես դիտարկել որպես դժվարություն: Պետք է հասկանալ՝ ինչի ես ձգտում, եւ ըստ այդմ՝ կարող ես դիմանալ կամ չդիմանալ»,- ասում է Լ. Էսկենյանը:
Հաղթահարելով դժվարությունները եւ փայլուն կրթություն ստանալով հայրենիքում՝ երաժիշտը 2008 թ.-ին հիմնեց «Գյուրջիեւ» համույթը, որի ամենաառանցքային նպատակն է հայկական անաղարտ երաժշտության պահպանումն ու տարածումը՝ հայազգի հանճարեղ մտավորական, կոմպոզիտոր Գ. Գյուրջիեւի եւ Կոմիտասի ստեղծագործությունների հիման վրա: Համույթի կազմում ընդգրկված են 11 երաժիշտներ, որոնք մեր այսօրվա երաժշտական աշխարհում լավագույններից են համարվում: «Գյուրջիեւ»-ի համար թիրախ է հանդիսանում հիմնականում օտար լսարանը՝ հայկական երգարվեստը օտարազգի ունկնդրին ճանաչելի դարձնելու նկատառումով:
Համույթի համար բեկումնային էր 2015 թ., երբ աշխարհահռչակ ընկերություններից մեկի՝ գերմանական «ECMrecords»-ի նախաձեռնությամբ լույս տեսավ «Կոմիտաս» ձայնասկավառակը՝ Լևոն Էսկենյանի գործիքավորմամբ: Այն կարճ ժամանակահատվածում լայն ճանաչում գտավ եւ 2015 թ.-ին «Songlines Award»-ի կողմից ընդգրկվեց 10 լավագույն ձայնասկավառակների շարքում: Ձայնասկավառակի մեջ զետեղված ստեղծագործություններն արդեն մեկ տարի է՝ հնչում են «British Airways»-ի ինքնաթիռներում:
Ձայնասկավառակի լույս ընծայվելուց կարճ ժամանակ անց, համույթը բազմաթիվ հրավերներ ստացավ աշխարհի տարբեր ծայրերից՝ մասնակցելու միջազգային հեղինակավոր փառատոնների:
Ապրիլի կեսերին «Գյուրջիեւ» համույթը համերգային շրջագայության է մեկնելու եվրոպական 3 երկրներ՝ Ավստրիա, Հունաստան եւ Դանիա՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Առաջին համերգը կայանալու է ապրիլի 14-ին, Ավստրիայի Կրեմս քաղաքում, որտեղ կատարվելու են Գ. Գյուրջիեւի եւ Կոմիտասի ստեղծագործությունները: Հաջորդ կանգառը լինելու է Հունաստանը, որտեղ խումբը ելույթ է ունենալու «Պառնասոս» համերգասրահում, ապրիլի 19-ին: Աթենքում կայանալիք համերգը, որի ժամանակ հնչելու են բացառապես Կոմիտասի ստեղծագործությունները, նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: