18:04 , 17 ապրիլ, 2017
«Կարմիր գրիչների օգտագործումը վիրավորական է». այսպես են կարծում Մեծ Բրիտանիայի որոշ դպրոցներ, ուր ուսուցիչներին արգելվում է կարմիր գրիչով ստուգել սովորողների աշխատանքները։
Անգլիայի Քորնվել քաղաքի դպրոցի ղեկավարությունը ուսուցիչներին հանձնարարել է դեն նետել բոլոր կարմիր գրիչներն ու մատիտները, քանի որ թերթիկների վրա կարմիրով արված ուղղումներ տեսնելը բացասաբար է ազդում երեխաների զգացմունքների և ներաշխարհի վրա։
Դպրոցում ուսուցիչներն օգտագործում են միայն կանաչ գրիչներ, քանի որ այն ավելի չեզոք գույն է համարվում, իսկ սովորողներն էլ ուսուցիչների արած ուղղումներին պատասխանում են մանուշակագույն գրիչներով։
Սակայն դպրոցի փոխտնօրեն Ջեննի Հիքը ժխտում է այն փաստը, որ իրենք ուզում են երեխաներին փափուկ բամբակների մեջ ապրել սովորեցնել, և ուղղումներ կատարելու նոր մեթոդն ամենևին էլ դրա համար չէ ստեղծված։
«Սովորողներն ավելի լավ են սովորում, երբ կրթական գործընթացը նմանվում է երկխոսության։ Ուսուցիչներն այսուհետ պետք է երեխաների աշխատանքների տակ մի քանի դրական խոսքեր և մեկնաբանություններ գրեն, որպեսզի սովորողները գիտակցեն, որ իրենց արած աշխատանքը գնահատվում է։ Իհարկե, ուսուցիչները նաև նշում են այն հատվածները, որոնք ուղղման և բարելավման կարիք ունեն»։
Դպրոցի փոխտնօրենն ասում է, որ իրենք միակը չեն. տարածաշրջանում բազմաթիվ դպրոցներ կան, այդ թվում՝ կրտսեր դպրոցներ, որոնք որդեգրել են նույն քաղաքականությունը։
«Մենք կարծում ենք, որ կարմիրը շատ բացասական գույն է, այն տագնապի ու սխալ լինելու զգացում է առաջացնում երեխաների մոտ։ Իսկ մենք չենք ուզում, որ այդպես լինի»,- նշել է Ջեննի Հիքը։
Նոր մեթոդի համահեղինակ Մաունթս Բեյ ակադեմիան ավելի շատ հետաքրքրված է երեխաների զգացմունքներով և ինքնագնահատականով, քան մեթոդի վարչական մասով։ Նրանք կարծում են, որ երեխայի ինքնագնահատականն ամենակարևոր բանն է, և ոչ մի դեպքում չպետք է օգտագործվեն այնպիսի մեթոդներ, որոնք կազդեն ինքնագնահատականի վրա (ինչպիսին է կարմիր գրիչներով սխալների ուղղումը)։
«Դպրոցների առաքելությունը երեխաներին մեծ ու կարմիր տառերով քննադատելը չէ»,- նշում են ակադեմիայի մասնագետները։