ՌԴ-ում ՀՀ դեսպան. «Իսկանդեր» կիրառելու որոշումը կայացնելու է հայկական կողմը


15:44 , 15 ապրիլ, 2017

Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն, «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե «Իսկանդեր» համակարգերը ու՞մ որոշմամբ են կիրառվելու հայկական կողմի թե՞ Մոսկվայի հետ համատեղ՝ նշել է, որ համապատասխան որոշումը կայացնելու է հայկական կողմը:

«Կարծում եմ՝ մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ այդ զինատեսակը գտնվում է Հայաստանի զինված ուժերի տիրապետության ներքո, հետևաբար էլ դրա կառավարումն իրականացվում է հայական զինուժի կողմից: Կրկին,  նախագահի հայտարարությունից բխում է, որ վտանգի դեպքում, որպես երիրի գերագույն գլխավոր հրամանատար, ինքն իրավասու է գործադրել այդ զենքը: Չնայած այն հանգամանքին, որ մենք Ռուսաստանի հետ միացյալ զորախումբ ունենք ստեղծած կա միասնական ՀՕՊ և բազմաթիվ հարցեր են համատեղ համակարգվում, բայց եթե հարցն այն զենքի գործադրման մասին է, որը գտնվում է մեր բանակի զինանոցում, ապա այն կիրառվելու է հայկական կողմի որոշմամբ»,- ասել է Տողանյանը:

Դեսպանի խոսքով, այդուհանդերձ, «Իսկանդեր»-ները կոչված են բացառապես ծառայելու Հայաստանի քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Հարցին, թե նախատեսվում է արդյոք նոր խմբաքանակի ձեռքբերում՝ դեսպանը նշել է, որ այդ հարցը քննարկման փուլում է գտնվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ