Անհրաժեշտ է ապահովել մանրամասն և հաշվետու ստուգում. ՄԻՊ հայտարարությունը՝ «ՍԱՍ» գրուպի ժողովի ձայնագրության մասին


15:29 , 15 ապրիլ, 2017

Անհրաժեշտ է ապահովել մանրամասն և հաշվետու ստուգում. ՄԻՊ հայտարարությունը՝ «ՍԱՍ» գրուպի ժողովի ձայնագրության մասինՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել «Hayastan24» կայքում հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Hayastan24» կայքում հրապարակված ձայնագրությունը, որը ենթադրաբար կապվում է նախընտրական ժողովի ընթացքում «ՍԱՍ» կազմակերպության աշխատակիցների հետ

Մտահոգիչ են ձայնագրության մեջ առկա հարկադրանքի ու սպառնալիքի դրսևորումները, որոնք կապվում են քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման ու նրանց նկատմամբ ճնշման հետ:

Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում Գլխավոր դատախազության հայտարարությունն այն մասին, որ նշված ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:

Անհրաժեշտ է ապահովել մանրամասն և հաշվետու ստուգում: Քրեական ընթացակարգի շրջանակում պետք է այս հարցում երաշխավորել նաև ձայնագրության մեջ առկա անձանց պաշտպանությունը: Այդ պաշտպանության հարցում հնարավոր ցանկացած խախտում բացառելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասութան սահմաններում կձեռնարկի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ՝ երաշխավորելով Պաշտպանին այդ հարցով հնարավոր դիմողների գաղտնիությունը», - ասված է հայտարարության մեջ: