Մենք ու ընտրական մշակույթի մեր կենցաղային դրսևորումները


11:57 , 14 ապրիլ, 2017

Картинки по запросу ալեն ղևոնդյանԵրեկվանից «ամենակարող» ՖԲ հանրույթի հիմնական թեման Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ, չնայած, կարծեմ, Երևանի կոշիկի, հագուստի մի շարք հայտնի ու անհայտ խանութներ, ժամանցի վայրեր նույնպես իրենն են) հայտնի ձայնագրությունն է, ուր նա իր աշխատողների հետ քննարկում է, նրանցից պահանջում ընտրական քվեներ բերել: Հետո, կարծես, «ռազբոր» է անում այդ թեմայով, թե ով, ինչպես է աշխատել, որակումներ տալիս աշխատողներին, այդ թվում՝ վիրավորական (իհարկե, եթե ձայնագրության ձայնը իրենն է :)):

«Երկիրը երկիր չի», «քաղաքացին էլ՝ քաղաքացի» պիտակային որակումներից վերացարկվելով՝ նշենք, որ այս առումով ամենատարբեր կարծիքներ հնչեցին: Մարդկանց մի զգալի մասն, իհարկե, վրդովվեց, մյուսները՝ կատաղեցին, երրորդները՝ զարմացան, չորրորդները որևէ կերպ չվերաբերվեցին: Կարծիք հայտնողների մի մասն ասաց, որ երևույթը մեր եղած խաղի կանոնների ներքո շատ նորմալ է: Որոշները փաստեցին, որ սա առհասարակ նորմալ է գրեթե բոլոր երկրներում: Ու սկսեցին փոխադարձ մեղադրանքները, բարոյագիտական-քաղաքագիտական գնահատականները, հակընդդեմ փաստարկներն ու հերքումները, քննադատությունը, մեղավորներ փնտրելը և այլն, և այլն... Մի խոսքով՝ բավական «ուրախ» էր:
Այս ամենում ամենից զարմանալին նշյալ երևույթի վրա զարմացողներին էին... Ու իրենց մի հարց՝ դուք վերջին, ասենք, 25 տարում ո՞ր երկրում/հասարկությունում եք բնակվել, ո՞ր երկրի քաղաքական պրոցեսներին եք մասնակցել... Սա նման առաջի՞ն դեպքն է, որ այդքան զարմացած եք... :)

Վերադառնանք հայտնի ժողովին...
Երբ ժողովի մասնակիցներին քվեներ բերելու պահանջով դիմեցին, ներկաներից քանի՞սը հարժարվեց: Քանի՞սը ասեց, որ դա իր համար անընդունելի է, օրենքի խախտում է և այլն: Հավանաբար ոչ մեկը: Կասեք՝ վախենում էին աշխատանքը կորցնելուց: Իհարկե, ճիշտ եք. վստահորեն կկորցնեին, քանի որ աշխատանքի անցնելիս էլ լավ պատկերացնում էին, որ, բացի իրենց բուն գործից, նրանց վրա ամենատարբեր գործառույթներ էլ էին դրվելու: Ու դա այն ժամանակ նրանց համար խնդիր չէր: Եթե անկեղծ, հիմա էլ խնդիր չի: Քանի որ նրանք լավ էլ հասկանում են, որ եթե բիզնեսմենը նաև քաղաքականությամբ է զբաղվում, ապա մեր տիպի հանրույթներում նրա աշխատակիցները մեխանիկորեն վերածվում են նաև ընտրական շտաբի աշխատողների՝ դրանից բխող համապատասխան գործառույթներով:
Բայց դա խնդիր չի: Խնդիր չէ նաև այն, որ այդ մարդիկ՝ խեղճ ու անոթի «քաղաքացիները», այդ նույն «շտաբի աշխատողները», իրենց աշխատանքային բուն գործառույթների իրականացման ժամանակ կարող են հաճախորդին ապրանք վաճառելուց թերակշռել, կեղծ գնով ապրանք վաճառել, ուղղակի խաբել... Ու դա ոչինչ... Հաշիվ չէ...

Կասեք՝ կրկին խեղճ ու աղքատ «քաղաքացուն» եմ մեղադրում, հեշտ թիրախ է... Այո, քանի որ համընդհանուր կոմֆորմիզմը, պասիվությունը, ոչ ռացիոնալ վարքն ու չպայքարելու ցանկությունը ծնում են այն ամենը, ինչ ունենք... Կասեք պետությունը չի աշխատում, արդարադատություն չկա և այլն, և այլն... Կասեմ՝ փորձեք, քայլեր ձեռնարկեք, հրապարակային քայլեր, ստիպեք թող աշխատի, ԶԼՄ-ներ ներգրավեք, պայքարի խելացի մեթոդներ ընտրեք, ջանք գործադրեք... Վստահ եմ՝ կստացվի...

Ու այդպես՝ փոքր-փոքր ջանքերով, պայքար-անհաջողություն-հաղթանակներով մենք քայլ-քայլ կդառնանք հասարակություն, ու ամեն բան իր տեղը կընկնի....