Քննարկվել է Իրանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների խորացման հարցը. ԱԳՆ


21:30 , 12 ապրիլ, 2017

 Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այսօր՝ ապրիլի 12-ին, հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար եւ Հարկային հարցերով կազմակերպության նախագահ Սեյեդ Քամել Թաղավինեժադի հետ:

 ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների խորացման, առեւտրի զարգացման եւ ներդրումների խթանման հարցերը: Նշվել է, որ գործարար շրջանակների կողմից առեւտրային եւ ներդրումային գործունեության արդյունավետ իրականացման համար չափազանց կարեւոր են իրազեկվածության աստիճանը, գործարար միջավայրի վիճակը եւ, մասնավորապես, հարկային օրենսդրության եւ վարչարարության հետ կապված հարցերը:

Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկու երկրների տնտեսությունների վիճակի, գործող օրենքների, փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ: