Ձեռք են բերվել «Իգլա-Ս» և «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ. ՀՀ ԶՈւ ՀՕՊ պետի տեղակալ


23:24 , 12 ապրիլ, 2017
Razm.info-ն գրում է.
 Հայաստանի զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ: Ապրիլյան մարտական գործողություններից հետո ՀՕՊ համակարգում կատարված աշխատանքների մասին խոսելիս այս մասին «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը:

Շեշտենք, որ Հայաստանի զինված ուժերում «Վերբա» համալիրների առկայության մասին սա առաջին հիշատակումն է: Գնդապետի խոսքով՝ այս համալիրները, ինչպես և դրա հետ ձեռք բերված «Իգլա-Ս» համալիրներն արդեն ներգրավվել են մարտական հերթապահության մեջ:

Խոսելով Ապրիլյան մարտական գործողություններից հետո Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի մյուս փոփոխությունների մասին՝ գնդապետ Պողոսյանը նշել է, որ հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարը հայկական կողմի առաջնահերթություններից մեկն է դարձել:

«Այդ նպատակով ամբողջությամբ վերազինել եւ արդիականացրել ենք մեր զինանոցում առկա զենիթահրթիռային համալիրները` մեծացնելով դրանց հուսալիությունը: Այժմ այդ համակարգերը կարող են զանգվածային կրակ արձակել փոքր նշանակետերի ուղղությամբ եւ արդյունավետ խոցում իրականացնել: Խոսքը ԶՈւ-23-2, Ս-60, ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանների մասին է, որոնք լրահամալրվել են տարբեր նշանոցներով, ջերմատեսիլ սարքերով», — նշել է գնդապետ ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ի պետի տեղակալը:

Գնդապետ Պողոսյանը նշել է նաև, որ Ապրիլյան գործողությունների վերաբերյալ կատարված վերլուծությունը զորքեր է ուղարկվել որպես ուղեցույց, իսկ թիկունքում փոփոխություններ են կատարվել ուսումնական ծրագրերում. «Փոփոխել ենք դյուրակիր զենիթային միջոցների վարժասարքերի ծրագրերը` բարդացնելով հրաձիգների խնդիրները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: