Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման


21:12 , 11 ապրիլ, 2017

 Ստամբուլի 22-րդ ծանր հանցագործությունների դատարանը  Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի վերաբերյալ վճիռ է կայացրել՝ հայտնում է թուրքական Diken  լրատվական գործակալությունը:

 Դատարանի վճռով՝ Ֆիգեն Յուքսեքդաղը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման:

Քրդամետ կուսակցության համանախագահը, ի թիվս այլ մեղադրանքների,  մեղադրվում է ահաբեկչական  քարոզչություն իրականացնելու հատկանիշներով, ինչի շուրջ էլ ընթացել է դատավարությունը:

Յուքսեքդաղի նկատմամբ առաջադրված են նաև հանրահավաքների և ցույցերի վերաբերյալ օրենքը խախտելու, հասարակության մեջ ատելություն սերմանելու, հանցագործություն կազմակերպելու և ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու հատկանիշներով մեղադրանքներ, որոնց համար թուրքական օրենսդրությամբ նախատեսվում է 30-ից 83 տարվա ազատազրկում:

Թուրքական տարբեր դատարաններում Յուքսեքդաղի նկատմամբ առաջադրված մյուս մեղադրանքների շուրջ դատավարությունները շարունակվում են: