21:32 , 21 մարտ, 2013«Եվրատեսիլ 2006»-ի ամենահիշվող ելույթներից մեկը Ելենա Ռիստեսկայի ելույթն էր: Մակեդոնիայի կրակոտ ներկայացուցչի հետ ամբողջ Եվրոպան էր պարում «Ninananajna»: Անկասկած, մրցույթի հայ երկրպագուները ևս չեն մոռացել Ռիստեսկային և նրա պարային երգը: Այսպիսով, շարունակելով «Եվրատեսիլի» աստղերի հետ հարցազրույցների շարքը՝ ArmStar.am-ն այս անգամ ներկայացնում է 2006 թ.-ին «Եվրատեսիլում» Մակեդոնիան ներկայացրած Ելենա Ռիստեսկային:
-Ելենա՛, կպատմե՞ս, թե ինչպես ես սկսել երգչուհու կարիերադ:
-Իմ կարիերան սկսվեց 2002 թ.-ին, երբ հաղթեցի «Աստղերի որոնում» երաժշտական մրցույթում: Այն նման է «Idol» և «X-Factor» նախագծերին: 2003 թ.-ին լույս տեսավ իմ առաջին ձայնակավառակը, որը կոչվում է «Day and night»: Ահա թե ինչպես ամեն ինչ սկսվեց:
-2006 թ.-ի «Եվրատեսիլին» դու ներկայացրիր Մակեդոնիան «Ninanajna» երգով: Ի՞նչ հիշողություններ ունես կապված մրցույթի հետ: Ինչո՞ւ հենց այս երգն ընտրեցիր:
-Աթենքում կայացած «Եվրատեսիլից» մեծ փորձ եմ ձեռք բերել: 12-րդ հորիզոնականն իմ և Մակեդոնիայի համար մեծ հաջողություն էր: Այս մրցույթի պատմության մեջ սա Մակեդոնիայի գրանցած ամենաբարձր ցուցանիշն է: Այս մրցույթն ինձ տվեց նոր համագործակցություններ, նոր ընկերներ: Հատկապես, չեմ մոռանա Անդրեի հետ իմ համագործակցությունը, ում Հայաստանյան մենահամերգին ես ևս ներկա էի: Դա իմ մասնակցած լավագույն համերգներից մեկն էր, որը տեղի ունեցավ մոտ 20 000 հանդիսատես ունեցող մեծ մարզադաշտում (խոսքը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի մասին է): Մարդիկ բոլորը շատ ջերմ էին և ինձ հետ երգում էին «Ninanajna»;) Այդ ամենը հրաշալի էր…
Ինչ վերաբերում է այս երգի ընտրությանը, ապա նշեմ, որ «Ninanajna»-ն մրցույթից դեռևս մի քանի տարի առաջ էր պատրաստ, պարզապես հարմար պահի էինք սպասում, որպեսզի այն ներկայացնեինք հանդիսատեսի դատին: Այսպիսով, հեղինակները որոշեցին փոքրիկ փոփոխությունների այն ենթարկել և ներկայացնել մրցույթի նախընտրական փուլին, որի ժամանակ էլ երգն ընտրվեց հեռուստադիտողի քվեարկությամբ:
-Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել «Եվրատեսիլին»:
-Որոշեցի մասնակցել մրցույթին, քանի որ դա ինձ համար լավ «վերադարձ» կարող էր լինել մի քանի տարվա լռությունից հետո; Ես կարծում էի, որ դա լավ հնարավորություն կլինի նոր երգ ներկայացնելու համար, քանի որ Մակեդոնիայում այս մրցույթն իսկական ընտանեկան շոուի է նման: Այստեղ բոլորն են հետևում «Եվրատեսիլին»` 7-77 տարեկան մարդիկ: Ես մեծ սպասելիքներ չունեի մրցույթից, սակայն կարծում եմ` հաղթեցի, քանի որ այդ պահն իրոք փոխեց իմ կյանքը:
-
Ի՞նչ էր նշանակում քեզ համար Մակեդոնիան Աթենքում ներկայացնելը:
-Արտիստի համար լավագույն զգացողությունն իր երկիրն այլ երկրում ներկայացնելն է: Սա աննկարագրելի մի զգացողություն է: Ինչպես արդեն նշեցի, Մակեդոնիայի պես փոքրիկ երկրի համար սա մեծ հաջողություն էր:
Ինձ համար սա միայն մասնագիտական մեծ փորձ չէր: Այն նաև փոխեց իմ անձնական կյանքը: Ես սովորաբար բաժանում եմ իմ կյանքը հետևյալ կերպ` «Եվրատեսիլից» առաջ և հետո:
-Որո՞նք էին քեզ համար «Եվրատեսիլի» լավագույն և վատագույն պահերը:
-Բնավորության մի լավ գիծ ունեմ` ես շատ հեշտությամբ եմ մոռանում իմ կյանքի վատագույն պահերը: Պարզապես չեմ ցանկանում թունավորել ինձ վատ տրամադրությամբ և մտքերով: Դրա փոխարեն ես շատ լավ եմ հիշում Աթենքում անցկացրած իմ լավագույն պահերը: Երբեք չեմ մոռանա այն, ինչ կատարվում էր Աթենքում Մակեդոնիայի դեսպանատան ընդունարանում: Եվրոպայի տարբեր երկրներից այնքան ներկայացուցիչներ էին հավաքվել այնտեղ, որ ես չէի կարողանում հավատալ սեփական աչքերիս:
Երբեք չեմ մոռանա այն բազմահազարանոց հանդիսատեսին, ովքեր երգում էին ինձ հետ: Չեմ մոռանա լրագրողներին, ովքեր սպասում էին մեզ, որպեսզի փորձերից հետո հարցազրույցներ վերցնեին: Երևի հազարավոր հարցազրույցներ ենք ունեցել այդ շրջանում: Չեմ մոռանա իմ թիմակիցների և այլ երկրների ներկայացուցիչների հետ մեր անցկացրած հիանալի օրերը: Այդ ամենն այնքան լավ էր ճշմարիտ լինելու համար, որ ես չեմ կարծում, թե նման բան ինձ հետ կկրկնվի անգամ եթե ևս մեկ անգամ մասնակցեմ մրցույթին:
-Իսկ հնարավո՞ր է, որ ևս մեկ անգամ մասնակցես մրցույթին: Եթե այո, այս անգամ ի՞նչ ոճի երգ կընտրեիր:
-Ինչո՞ւ ոչ: Շատ լավ կլինի կրկին զգալ եվրատեսիլյան այդ շունչը: Միակ նախապայմանը լավ երգ ունենալն է: Այն պետք է լինի ժամանակակից մի երգ, որը տարբեր կլինի համաշխարհային բեմերում ներկայացված երգերից:
-Բացի երգելուց, դու նաև երգերի հեղինակ ես: Հնարավո՞ր է, որ մի օր երգ գրես հատուկ «Եվրատեսիլի» համար:
-Այո, այս 10 տարիների ընթացքում ինձ և շատերի համար եմ երգեր գրել և նույնիսկ 2 անգամ Մակեդոնիայի համար երգ եմ ներկայացրել, սակայն դրանք չեն հաղթել մրցույթում: Բայց ինձ համար դա նշանակություն չունի: Ցանկացած երգի հեղինակի համար մեծ փորձություն է իր հույզերը լսարանին ցույց տալը, հատկապես, երբ ինքդ ես ներկայացնում քո գրած երգը:

-Դու քեզ «Եվրատեսիլի» երկրպագու համարո՞ւմ ես:
-Անկեղծ ասած, վերջին տարիների ընթացքում այդքան էլ ակտիվորեն չեմ հետևում մրցույթին, բայց, իհարկե, տեղյակ եմ, թե ովքեր են մրցույթի այդ տարիների հաղթողները: Մրցույթին ներկայացված շատ երգեր ևս հիշում եմ և ամեն անգամ, երբ հնարավորություն և ժամանակ եմ ունենում դիտում եմ մրցույթը: Օրինակ, մինչ այսօր շատ լավ եմ հիշում Անդրեի` 2006 թ.-ի երգը:
-Ի՞նչ նոր նախագծերով ես հանդես գալու առաջիկայում:
-Այս պահին ես աշխատում եմ իմ երրորդ ձայնասկավառակի վրա, որն իր ոճով տարբերվելու է մյուս երկուսից: Երգերից մեկը` «Opasno vreme»-ն, արդեն կա համացանցում: Բացի այդ, ներառված եմ երաժշտական այլ նախագծերի մեջ:
-Ինչ-որ բան ունե՞ս ասելու մեր ընթերցողներին:
-Նախ և առաջ, շատ շնորհակալ եմ այս հարցազրույցի համար, քանի որ սա նշանակում է, որ ինձ դեռ հիշում են Հայաստանում: Ինձ համար սա շատ մեծ անակնկալ էր:
Ես ձեզ բոլորիդ միայն գեղեցիկն եմ մաղթում` երջանկություն, սեր, լավ երաժշտություն: Ձեր ժամանակը նվիրեք ձեզ, ձեր մտերիմներին և սիրելիներին: Հուսով եմ` որքան հնարավոր է շուտ կհանդիպենք Հայաստանում: Ո՞վ գիտե, միգուցե «Եվրատեսիլ 2014»-ի ժամանակ, որը հուսով եմ` կանցկացվի Հայաստանում: Աստված ձեզ բոլորիդ պահապան թող լինի:
Երևանից Սկոպյե զրուցեց՝ Սյունե Առաքելյանը
Լուսանկարները` Ելենա Ռիստեսկայի և Անդրեի անձնական արխիվներից






