16:54 , 11 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.Էդվարդ Նալբանդյանի խոսքով` խորհրդանշական է, որ Միխեիլ Ջանելիձեն մեկ տարի առաջ իր առաջին պաշտոնական այցը կատարեց Հայաստան: Դրանից հետո բազմաթիվ այցեր ու հանդիպումներ են եղել Թբիլիսիում, միջազգային համաժողովներում: Նախարարի խոսքով` վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել և առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով: Երկու երկրներն էլ պարբերաբար կրկնում են, որ Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, այլ կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են:
Հանդիպման ժամանակ քննարկվել են առևտրաշրջանառությանը, էներգետիկ ոլորտին, տարածաշրջանային կայունությանը, երկրների միջև առկա իրավապայմանագրային ընդգրկուն դաշտի կատարելագործմանը վերաբերող հարցեր, որոնք 8 տասնյակից ավելի փաստաթղթեր են ներառում:
Անդրադարձ է եղել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Զրույցի ընթացքում խոսվել է հիմնահարցի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի համատեղ ջանքերի մասին: