16:18 , 11 ապրիլ, 2017
Ամերիկաբնակ հայ երգիչ Նորոյի` թանկարժեք նոր մեքենայի` վերջին մակնիշի Range Rover–ի և բավականին ծախսատար նոր տեսահոլովակի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Մինչ երգիչը պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել նոր տեսահոլովակը, Հայաստանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ Նորոյի գործերը բավականին լավ են. ԱՄՆ–ում նա հարստացել է։ Երգիչը չի ժխտում, որ տարիների ընթացքում ձեռք է բերել ֆինանսական կայունություն, թանկ տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն։ Tert.am Life–ն այս անգամ երգչի հետ խոսել է ԱՄՆ–ում կայանալու, անցած ճանապարհի և բարդությունների մասին։ Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ 7 տարի այնտեղ ապրելուց հետո վերջերս ԱՄՆ քաղաքացիություն է ստացել։
–Նորո, երբ Հայաստանում էիք, որպես երգիչ ունեիք կորպորատիվների հրավերներ, սակայն ԱՄՆ մեկնելուց հետո Ձեր գործերն անհամեմատ լավացան։ Ամերիկայում կայանալը բա՞րդ էր։
–Շնորհակալ եմ Աստծուն ու ընտանիքիս, որ իմ ամենադժվար օրերին կողքիս են եղել, ջանք ու եռանդ չեն խնայել, որ ես այստեղ զբաղվեմ միայն իմ երգով։ Ամերիկան շատ դաժան երկիր է, եթե ուզում ես ապրել ու ընտանիքդ պահել, պետք է զբաղվես ցանկացած աշխատանքով։ Շատ մարդիկ տարբեր աշխատանքներով են զբաղվում։ Իմ պարագայում այդպես չեղավ։ Ես առաջին իսկ օրվանից սկսել եմ երգել։
Դժվարություններ շատ են եղել։ Բնականաբար, ես այստեղ աշխատել եմ բավականին գումար, որ կարողանամ նկարահանել տեսահոլովակ։ Իմ հաջողության առաջին գաղտնիքն ընտանիքիս աջակցությունն էր, երկրորդն այն փաստն է, որ հանդիպեցի ինձ հարազատ մարդկանց` Արթուրին և Բինային, ովքեր երաժշտական ամեն հարցով իմ կողքին են։ Այսօր էլ ամեն ինչ միասին ենք անում։
–Ռեստորաններում երգելո՞վ եք կարողացել վաստակել տեսահոլովակներ նկարահանելու և բարեկեցիկ կյանքով ապրելու «իրավունքը»։
–Մոտ 4 տարի աշխատել եմ այստեղի բավականին լավ ռեստորաններում։ Ամեն օր կես ժամ երգել եմ։ Այս տարվանից չեմ երգում ոչ մի ռեստորանում, ուղղակի ներկայանում եմ կորպորատիվ միջոցառումների, ինչպես մեր բոլոր երգիչները։
–Ինչո՞ւ։
–Պատճառն իմ զբաղվածությունն է։ Ռեստորանում ամեն օր պիտի երգեի, սակայն դրսում բավականաչափ շոուներ, տեսահոլովակներ, ձայնագրություններ ունեի, որոնք չէի հասցնում։ Այժմ նաև պատրաստվում եմ մենահամերգի։ Կարծում եմ` մոտ չորսուկես տարի ամեն օր ռեստորանում աշխատելն արդեն բավական էր։
Շատ ուրախ եմ, որ աշխատել եմ ռեստորանում, ձեռք եմ բերել շատ ընկերներ, գրեթե, ամեն օր կենդանի նվագախմբի հետ երգել եմ տարբեր ոճերի երգեր։ Ուրախ եմ իմ կյանքի այդ փորձի համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ