New York Times-ը Պուլիտցերյան մրցանակ է ստացել Պուտինի ու ՌԴ-ի մասին հոդվածների շարքի համար


06:52 , 11 ապրիլ, 2017

Image resultԱմերիկյան New York Times պարբերականը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Միջազգային լրագրություն» անվանակարգում՝ աշխարհում Ռուսաստանի ազդեցության տարածման մասին հոդվածների շարքի համար։

«Ֆոտոնորություն» անվանակարգում մրցանակը ստացել է անկախ լրագրող Դանիել Բերեհուլակը՝ Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ պայքարի մասին ֆոտոռեպորտաժի համար, որը թողարկվել է նաև NYT-ի էջերում։

«Հանրությանը ծառայելու համար» անվանակարգում մրցանակը ստացել են New York Daily News –ն ու ProPublica-ն Նյու Յորքի պետական բնակարաններից չունևոր քաղաքացիների վտարման մասին նյութերի համար։

Պուլիտցերյան մրցանակ է ստացել նաև Washington Post-ի լրագրող Դևիդ Ֆարենթհոլդը՝ Թրամփի բարեգործական գործունեության հետաքննման համար։

«Բացատրական լրագրություն» անվանակարգում հաղթել են Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնի (OCCRP), McClatchy-ի և The Miami Herald-ի նյութերը պանամական օֆշորների մասին։

Պուլիտցերյան մրցանակը շնորհվում է 1917 թվականից լրագրության, գրականության և երաժշտության ոլորտում ձեռքբերումների համար։ Այս տարի մրցանակը շնորհվել է 21 անվանակարգում, առաջադրված է եղել ավելի քան 3000 ստեղծագործություն, որից 1200-ը՝ լրագրողական աշխատանքներ։