13:40 , 10 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ–ում լրագրողների շնորհակալություն հայտնեց 5 տարիների համագործակցության համար։ Նա գտնում է, որ այս տարիների ընթացքում լրագրողների և իրենց պատգամավորի որոշ բախումները, բխել են ժողովրդավարությունից։
«Եղել են պահեր, որ մենք իրար բզկտել ենք կամ ինչ-որ հարվածներ են հասցրել, բայց դա բնական ընթացք է` ոչ ժողովրդավարական երկրում ժողովրդավարության դրսևորում։ Իսկ մնացածն, ինչպես ասում է դասականը, «այդ մասին հաջորդ դասին»,-կատակեց նա:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած, սակայն անցողիկ ձայներ չհավաքած ուժի ներկայացուցիչ անդրադարձավ նաև Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿ-ը չմասնակցելուն և ասաց, թե իրենք հույս ունեին, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական լուրջ պայքարի, ինչը, սակայն, չստացվեց։
«Պարզ է, որ մենք հույս ունեինք, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական լուրջ պայքարի, այսինքն՝ նպատակը ո՞րն էր, քանի որ իշխանությունները նախագահական ընտրությունները հեռացրել են մեր Սահմանադրությունից։ Մենք փորձել ենք ժողովրդին բացատրել, որ հիմա Ազգային ժողովն է դա որոշելու, և ԱԺ ընտրությունները պետք է քաղաքականացվեն, բայց դա մեզ չհաջողվեց, իսկ եթե ԱԺ ընտրություններն անցան կլանային, մաֆիոզ, ընտրակաշառքային, խնամիական հարթությունում, Երևանի ավագանու ընտրությունները հնարավոր չէ քաղաքականացնել»,– ընդգծեց Զուրաբյանը։
Վերջինս շեշտեց, որ, խորհրդարանական ընտրությունների փորձից ելնելով, չմասնակցելն ավելի նպատակահարմար էր.«Փորձը ցույց տվեց, որ եթե մասնակցենք, պիտի ընդամենը լեգիտիմացնենք ընտրակաշառքը, ահաբեկչությունը, ադմինիստրատիվ լծակներով ճնշումը, մենք դա չենք անում: Մենք կկենտրոնանանք Սահմանադրական դատարանի մեր դիմումի վրա, որը մենք համարում ենք կարևորագույն քայլ»,-նկատեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ