20:30 , 8 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշը նվազել է 5.3%-ով կամ 197 մլն դրամով` հիմնականում պայմանավորված ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների և հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքների նվազմամբ:
2017 թվականի հունվար-փետրվարի ընթացքում ստացվել են 736.5 մլն դրամ պաշտոնական դրամաշնորհներ՝ կազմելով առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 15.6%-ը: Միջոցները տրամադրվել են նպատակային ծրագրերի շրջանակներում, որից 26.7 մլն դրամը՝ ՀՀ պետական մարմինների արտաբյուջետային հաշիվներով շրջանառվող ծրագրերի շրջանակներում՝ կազմելով ծրագրած մուտքերի 24.7%-ը:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 7.8 մլրդ դրամ, որից 3.4 մլրդ դրամը` ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները: Այլ եկամուտների առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշն ապահովվել է 73%-ով: Համեմատաբար ցածր կատարողական է արձանագրվել ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարների գծով, որոնք կազմել են 749.1 մլն դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 25.7%-ը:
Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտները և իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը կազմել են համապատասխանաբար 2.5 մլրդ դրամ և 1.6 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի համապատասխանաբար 68.6%-ը և 65.6%‑ը: