Տարածված փաստեր, որոնք իրականում սուտ են


21:09 , 8 ապրիլ, 2017

Կան փաստեր, որոնց մասին գրեթե բոլորը գիտեն։ Թվում է, թե դրանք բացարձակ ճշմարտություն են, քանի որ կա՛մ մի խելացի մարդ է ձեզ պատմել այդ մասին, կա՛մ ձեր ուսուցիչը, կա՛մ էլ որևէ տեղ եք կարդացել։ Անգլիացի գրող Ջորջ Օրվելն ասում էր, որ այն սուտ տեղեկությունները, որոնց մարդիկ հավատում են, ժամանակի ընթացքում ճիշտ են դառնում։ Բայց այս պարագայում դա այդպես չէ, քանի որ կան բաներ, որոնք ուղղակի ճշմարտություն չեն պարունակում իրենց մեջ և երբեք էլ չեն կարող։

Սուտ - Մարդու կողմից կառուցված միակ շինությունը, որ տիեզերքից տեսանելի է, Չինաստանի Մեծ պատն է։ Անգամ Լուսնի վրայից է այն տեսանելի։

Ճշմարտություն - Ըստ NASA-ի հրապարակած տվյալների՝ անգամ Երկիր մոլորակին շատ մոտ թռչող տիեզերանավերից համարյա անհնար է նկատել Մեծ պատը։ Իսկ Ապոլլոն 12-ի լուսնագնացներից էլ ոչ ոք չի տեսել Մեծ պատը, երբ Լուսնի վրա էին։

Խոսակցությունները, թե այն տեսանելի է Լուսնի վրայից, սկսել են տարածվել դեռ 1938 թվականին, ու մինչ այսօր էլ շատերը հավատում են դրան։

Սուտ - Մարդկանցից շատերն օգտագործում են իրենց ուղեղի ընդամենը 10%-ը, քանի որ միայն հանճարներն են կարողանում ուղեղի ավելի շատ հատվածներ օգտագործել։

Ճշմարտություն - Ըստ գիտնականների՝ մենք բոլորս էլ մեր ուղեղը գրեթե ամբողջությամբ օգտագործում ենք, սակայն կան փոքր հատվածներ, որոնք չգործարկելու դեպքում այդպես էլ քնած են մնում։

Սուտ - Մարդու մազերն ու եղունգները նրա մահից հետո շարունակում են աճել։

Ճշմարտություն - Ցավոք, երբ մարդը մահանում է, մազերն ու եղունգներն իրականում դադարում են աճելուց և սկսում փտել։ Մազերի և եղունգների աճի համար հարկավոր է թթվածին, սակայն երբ սիրտը դադարում է աշխատել, թթվածին այլևս չի մատակարարվում, և ընդամենը 12 ժամ անց եղունգների ու մազերի բջիջներն ամբողջովին մահանում են։

Սուտ - Մարդու լեզուն բաժանված է չորս հիմնական մասերի, որտեղ, ըստ հաջորդականության, տեղակայված են քաղցր, թթու, աղի և դառը/կծու համերի համային ընկալիչները։

Ճշմարտություն - Մեր լեզուն պատված է հազարավոր համային ընկալիչներով։ Ճիշտ է, ընկալիչներից յուրաքանչյուրն ընկալում է մի տեսակի համ, բայց դրանք խառն են դասավորված, առանց համակարգվածության։

Սուտ - Եթե հանկարծ կուլ տաք մաստակը, այն հավերժ կմնա ձեր ստամոքսում, քանի որ օրգանիզմը չի կարողանում այն դուրս նետել։

Ճշմարտություն - Ճիշտ է, մեր մարմինը միգուցե չկարողանա մարսել մաստակի բաղադրության որոշ նյութեր, բայց, այնուամենայնիվ, մասնագետները պնդում են, որ մաստակն ընդամենը մի քանի օրվա ընթացքում օրգանիզմից դուրս կգա, ինչպես ուտելիքի միջի չմարսվող այլ մասերը։