15:09 , 21 մարտ, 2013
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը Րաֆֆի Հովհաննիսյանին անվանեց մանկամիտ եւ քաղաքականությունից հեռու գործիչ: Աբրահամյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ու նրա շրջապատը չեն կարողանում ձեւավորել «իրական քաղաքական օրակարգ»: Ըստ Ա. Աբրահամյանի՝ քաղաքական օրակարգ չէ, երբ Րաֆֆին ասում է՝ «դու չպիտի երդվես, եթե դու երդվես, ես կմահանամ»: Աբրահամյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մանկամիտ է ու իրեն պահում է անգիտակից երեխայի նման ու ծաղրելով Ր. Հովհաննիսյանի ծնողների այցը Ազատության հրապարակ, իրենց որդուն տեսակցելու համար, ասում է. «Երբ երեխային նկատողություն ես անում, նա ասում է՝ հիմա ես կմեռնեմ, եւ մաման կիմանա, թե ես որքան լավն եմ»:
Առնվազն տարօրինակ է Արամ Աբրահամյանի ծաղրանքը, քանի որ որեւէ անսպասելի բան չկա նրա մեջ, որ Ր. Հովհաննիսյանի ծնողներն այցելեցին իրենց որդուն, որը գտնվում է հացադուլի մեջ: Արամ Աբրահամյանի հեգնանքն անտեղի է թվում:
Հարկ է նկատել նաեւ, որ ասուլիսին ներկա էր նաեւ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, որը նույնպես նշեց թե «պրոցեսները դուրս են եկել քաղաքական տիրույթից»: Ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները խիստ վրդովված էին բանախոսների հանդեպ:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
Աղբյոըրը` www.iravunk.com